Ազնավուր. Ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին և կբացի հայ-թուրքական սահմանը

Ազնավուր. Ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին և կբացի հայ-թուրքական սահմանը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչումը կազատի թուրք և հայ ժողովուրդներին և կբացի հայ-թուրքական փակ սահմանը: Այս մասին ասել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Pleine Vie ամսագրին:

«Թուրք երիտասարդությունը հոգնել է նրանից, որ բոլորը նրանց են մատնացույց անում։ Իրենց տատիկներն ու պապիկները «հրաշալի» չեն եղել, սակայն սխալ է նրանց մեղադրելը կամ նույն հարթության վրա դնելը», - նկատել է Ազնավուրը, ամսագրին հղումով գրում է Tert.am-ը:

Հարցին, թե ինչ ազդեցություն է ունեցել երգչի կյանքի վրա այն, որ նրա մայրը Ցեղասպանության ժամանակ կորցրել է իր գրեթե ամբողջ ընտանիքը, շանսոնյեն պատասխանել է, թե շատ կցանկանար չլինել ներգաղթյալի որդի, սակայն «այդպես է դասավորվել կյանքը»։ Նա պատմել է, որ 4 տարի շարունակ իր ծնողների ընկերներն օգնել են ընտանիքին Ֆրանսիայում փաստաթղթեր ստանալու հարցում։ Ազնավուրը հուզված նշել է, որ այդ հիշողությունները շատ խորն են։

Շանսոնյեն ընդգծել է, որ այն հայերից չէ, ովքեր բացականչում են «լավ թուրքը մեռած թուրքն է»։ Նա հորդորել է, որ մարդիկ իրենց երեխաների մեջ մարդկայնություն սերմանեն։

Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Նա ծնվել է 1924-ին Սեն Ժերմեն դես Պրեսում (Փարիզ), հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ազնավուրի մոր ընտանիքից կոտորածների զոհ են գնացել տատը, պապը, մորաքույրը և երկու մորեղբայրները, իսկ մայրն իր տատիկի հետ գաղթել է Ֆրանսիա։ Ազնավուրի հայրը, որը Ռուսաստանի քաղաքացի էր, Ցեղասպանության հետևանքով հարազատներ չի կորցրել: Մանուկ հասակում Ազնավուրը տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---