19 օգոստոսի 2015 - 12:59 AMT
Օգտատերերի գրեթե կեսը հրաժարվել է Apple Music ծառայությունից

Apple Music հոսքային երաժշտական ծառայությունը գործարկվեց հունիսի 30-ին աշխարհի 100 երկրում, այդ թվում նաև Հայաստանում: Գործարկումից հետո մեկ ամսում ծառայությունից սկսել էր օգտվել 11 մլն մարդ: Սակայն, ինչպես հայտնում է MarketWatch-ը, ծառայությունը փորձարկած օգտատերերի 48%-ն արդեն չի օգտվում ծառայությունից:

Apple Music-ում ամսական 10 դոլար բաժանորդավարձով (կամ 15 դոլար վեց անձից բաղկացած ընտանիքի համար) օգտատերերը կկարողանան երաժշտություն լսել կատալոգից հարցում անելով, ինչպես նաև կկարողանան շփվել արտիստների հետ Connect հարթակում: Ծառայության օգտատերերին նաև 24 ժամ հասանելի կլինի Beats 1 առցանց ռադիոկայանը` Նյու Յորքից, Լոս Անջելեսից ու Լոնդոնից դիջեյների մասնակցությամբ:

MarketWatch-ը հայտնում է նաև, որ Apple Music-ի ներկայիս օգտատերերի գրեթե 66%-ը մտադիր է բաժանորդագրվել փորձնական շրջանի ավարտից հետո: iOS բազայով սարքերի սեփականատերերի միայն 77%-ը գիտի նոր ծառայության մասին և նրանցից միայն 11% է որոշել փորձել այն: Այնպես որ Apple-ը դեռ կարող է ավելի շատ թվով բաժանորդներ ունենալ:

Ծառայության կատալոգը ներառում է մոտ 30 մլն կոմպոզիցիա: Բացի այդ, Apple Music-ի շրջանակում օգտատերը կարող է երաժշտություն լսել սեփական iTunes գրադարանից: Ծառայությունում հասանելի է նորույթներով կամ օգտատերի ճաշակով կազմված երաժշտության «ցանկը»: Ծառայությունն ինտեգրված է նաև Siri ձայնային որոնման հետ, օրինակ, օգտատերը կարող է խնդրել Apple Music-ին վերարտադրել նախորդ ամռան կոմպոզիցիաները կամ 1994 թ. դեկտեմբերին չարթերը գլխավորած երգը:

Apple TV և Android-ում Apple Music-ը կհայտնվի 2015-ի աշնանը: Մյուս հարթակների համար ծառայությունը կգործարկվի 2015-ի հունիսի 30-ին:

ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովը վարույթ է սկսել հարթակի վերաբերյալ: Գերատեսչությունը կստուգի, չի վնասում արդյոք ամերիկյան կորպորացիան մյուս երաժշտական ծառայություններին` 30% միջնորդավճար գանձելով App Store ֆիրմային խանութի միջոցով բաժանորդագրության համար վճարման ժամանակ և ստիպելով մրցակիցներին երաժշտության 30-օրյա մատչելիության արժեքն ավելացնել $10 մինչև $13:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):