Ալիևը ոչնչացնում է երկրի ապագան և երկարատև կայունությունը՝ հարձակվելով անկախ ԶԼՄ-ների վրա: Այս մասին ասել է ադրբեջանական առցանց Meydan TV-ի գլխավոր տնօրեն Էմին Միլին՝ The Washington Post թերթի հոդվածում:
Միլին հայտնել է, որ չնայած նա երկու անգամ բանտարկվել է «աշխարհի ամենառեպրեսիվ երկրներից մեկի»՝ Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար և այժմ բնակվում է Գերմանիայում, սակայն իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել նրան լռեցնելու և ահաբեկելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ Բեռլինում նա տեղեկացել է, որ Ադրբեջանում բնակվող իր 23 բարեկամները հրաժարվել են իրենից բաց նամակով, որն ուղարկվել է նախագահ Ալիևին։ Դատապարտելով Միլիին «հայրենիքը դավաճանելու» համար՝ նրանք իրենց ամբողջ աջակցությունն են հայտնել նախագահին և նրա վարած «ներքին և արտաքին քաղաքականությանը»։
Միլին նաև տեղեկացել է, որ ձերբակալվել է իր զարմիկ Փոլադ Աբդուլաևը և որ ոստիկանությունը ստիպել է իր բարեկամներին ստորագրել Ալիևին իրենց հավատարմության երդման նամակը։
Ավելի վաղ Միլիի կնոջ եղբայր Նազիմ Աղաբայովը ձերբակալվել է թմրանյութեր վաճառելու կեղծ մեղադրանքներով։ Նրան այժմ 12 տարվա ազատազրկում է սպառնում:
Միլին գրում է, որ այս ամենը տեղի է ունեցել Ալիևի կողմից սպորտի նախարար Ազատ Ռահիմովի միջոցով ուղարկված մահվան սպառնալիք ստանալուց հետո։
Meydan TV-ի գլխավոր տնօրենը հայտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները թիրախավորել են իրեն և իր ընտանիքին՝ ակտիվիստ լինելու պատճառով, այն պատճառով, որ նա «Բեռլինում հիմնել է անկախ Meydan TV լրատվամիջոցը, որը ճշմարտություն է հաղորդում Ադրբեջանի մասին», գրում է Tert.am-ը:
Միլին նաև հավելում է, որ իր դեպքը միակը չէ. Ադրբեջանի բանտերում մոտ 100 քաղբանտարկյալ կա: Գրում էլրագրողների, ակտիվիստների և այլախոհների նկատմամբ բռնաճնշումների և կեղծված ընտրությունների մասին և նշում, որ վերջին շրջանում Ալիևի գործողությունները ցույց են տալիս, որ նրա աջակցությունը շատ ավելի փխրուն է, քան նա ցանկանում է դա պատկերել։
«Նավթի պաշարների նվազումը լրացուցիչ ճնշում են գործադրում իր՝ մաֆիայի ոճով աշխատող իշխանության վրա»,- գրում է նա՝ հավելելով, որ նավթից եկող գումարները թույլ են տալիս իշխանությունների հետ սերտ գործակցող հարուստ և կազմակերպված հանցավոր խմբերին մոնոպոլիզացնել մամուլը։
Միաժամանակ, ազգային արժույթը մոտ 33%-ի կրուկ արժեզրկում է գրանցել, և փորձագետներն ու քաղաքացիներն այս տարի ևս արժեզրկում են ակնկալում, գրում է հեղինակը։
Միլիի կարծիքով՝ բռնությունների վերջին ալիքը մատնում է Ալիևի նվազող վստահությունն իր քաղաքական ապագայի հանդեպ, երբ իր տնտեսական ուժի հիմքերն աստիճանաբար քայքայվում են:
Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: