Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. Առաջին ատյանի դատարանի որոշումը չի փոխվի

Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. Առաջին ատյանի դատարանի որոշումը չի փոխվի

PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանը մերժել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի՝ օգոստոսի 21-ին ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել՝ այն համարելով անհիմն: Որոշում է կայացվել անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Այս մասին հայտնել է Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Մայիսին վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի՝ 5 տարվա ազատազրկման վճիռը:

«Մնում է դատավորը որոշում կայացնի և գործը հանձնվի ի կատար ածման, որից հետո քրեակատարողական հիմնարկում նիստ կգումարվի և որոշում կկայացնեն, թե Պետրոսյանը որ վայրում և ինչ ռեժիմով է պատիժը կրելու: Ռեժիմի հարցը լուծում է օրենքը, դա կլինի բաց ռեժիմ», - ասել է պաշտպանը՝ հավելելով, որ գործը Վճռաբեկ դատարանի կողմից պետք է ներկայացվի առաջին ատյանի դատարան, իսկ դատարանը գործը ստանալուց 3 օր հետո դատական ակտն ի կատար ածելու որոշում կկայացնի:

Բաղդասարյանը նաև հայտնել է, որ իր տեղեկություններով քրեական գործն օգոստոսի 31-ին արդեն կլինի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, գրում է Tert.am-ը:

Ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը պաշտոնապես ավարտվել էր հունվարի 23-ին: Գործով դատաքննությունը մեկնարկել էր 2014-ի մարտի 12-ին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել, քանի որ 2013-ի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի Սարալանջ գյուղից դեպի Երևան վարել է իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ավտոմեքենան ու, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին, ոչ պատշաճ, վտանգավոր երթևեկություն իրականացրել:

Ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն՝ 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում օգտվելով հեռախոսակապից, զրկել իրեն ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:

Ըստ առաջադրված մեղադրանքի, Պետրոսյանը ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններով վթարային իրադրութուն է ստեղծել, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին:

Բախման հետևանքով «Վազ 21214»-ի ուղևորներ էդվարդ ու էդգար Հակոբյանները մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս է պատճառվել, Հայկ ու էմմա Հակոբյանների, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս: Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---