Իրանական բանկը կֆինանսավորի Իրան-Հայաստան 3-րդ ԷՀԳ շինարարությունը

Իրանական բանկը կֆինանսավորի Իրան-Հայաստան 3-րդ ԷՀԳ շինարարությունը

PanARMENIAN.Net - Իրանական «Սադերաթ» բանկը ֆինանսավորում է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը:

Իրանի արտահանման և զարգացման բանկի («Սադերաթ») գործադիր տնօրեն Ալի Սալեհ Աբադին լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով բանկի ծավալած գործունեությունը, տեղեկացրել է, որ իր ղեկավարած բանկը մասնակցություն կունենա Հայաստանի հետ իրականացվող «գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի» շրջանակներում կառուցվող 107 մլն եվրո արժողությամբ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությանը, որն ավարտին հասցնելու նպատակով «Սադերաթ» բանկը 83 միլիոն եվրո գումար կհատկացնի», հայտնում է Panorama.am-ը իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության վրա հղումով:

Ինչպես հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը՝ առաջիկա օրերին Հայաստան կտեղափոխվի 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների առաջին խմբաքանակը:

Կայքի հաղորդմամբ՝ Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է:

Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը: Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումը ուղղված է ՀՀ-ի տարածաշրջանային և միջտարածաշրջանային ինտեգրման համար՝ Հայաստանով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելու համար:

Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն է: 2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---