Հակառակորդը շարունակում է կրակել Տավուշի ուղղությամբ. 2 բնակիչ է վիրավորվել

Հակառակորդը շարունակում է կրակել Տավուշի ուղղությամբ. 2 բնակիչ է վիրավորվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, կրակել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից։ Ըստ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդը կրակել է նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահամանամերձ գյուղերի ուղղությամբ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ըստ էության, 20 գյուղ կա այդ հատվածում, բոլորն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Զինված ուժերը որևէ կորուստներ չունեն, քաղաքացիականների շրջանում չեմ կարող ասել, համապատասխան մարմինները կմեկնաբանեն։ Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սահմանային իրավիճակը միշտ վերահսկելի է մեր կողմից»,- ասել է Հովհաննիսյանը։

Հակառակորդի կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել, վիճակը նորմալ է: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, բուժվում են»,- ասել է գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը՝ նշելով, որ այս պահին գյուղում վիճակը խաղաղ է, գրում է Tert.am-ը:

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի, հայկական դիրքերի ու Բերդի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցներից պայմանագրային 2 զինծառայող էր վիրավորվել:Նրանցից մեկին վիրահատել էին, նա որովայնի բաց թափանցող վերք ունի: Վիրահատությունից հետո գիշերը զինվորին տեղափոխել էին Երևան, Կենտրոնական հոսպիտալ: Մյուս վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է, վիրակապից հետո նա տեղափոխվել էր հիվանդասենյակ:

Սեպտեմբերի լույս 1-ի գիշերն ու առավոտյան ադրբեջանական դիրքերից գնդակոծել էին Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը: Այդ մասին տեղեկացրել էին գյուղապետեր Սերյոժա Ալեքսանյանն ու Նարեկ Սահակյանը: Ըստ վերջինի, քանի որ կրակել էին գյուղի դպրոցի մերձակայքում գտնվող միջպետական ճանապարհի վրա, սեպտեմբերի 1-ի տոնական միջոցառումներն արագ ավարտվել էին, վիրավորներ չկային, միայն վնասվել էին մի քանի տների ապակու փեղկեր, ճակատային մասի պատեր:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույն օրը լրագրողներին ասել էր, որ իրավիճակը շփման գծում ու սահմանին վերահսկվում է, բնակչությունը կարող է հանգիստ լինել, հայկական բանակը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր առջև դրված խնդիրները լավագույնս է լուծում:

ՊՆ ղեկավարի խոսքով՝ իրականում կրակոցների թիվն ավելանում և պակասում է, բոլոր տեսակի միջոցառումներն առաջնագծում ապահովված են: Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողության մի քանի փորձ է եղել, որոնք ԼՂՀ հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---