Փոխնախարարը Կասպրշիկին ներկայացրել է իրավիճակն առաջնագծում. ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի

Փոխնախարարը Կասպրշիկին ներկայացրել է իրավիճակն առաջնագծում. ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Կողմերը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:

Տոնոյանը նաև դեսպանին տեղեկացրել է սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին:

ԴեսպանԱնջեյ Կասպրշիկին սեպտեմբերի 3-ին ընդունել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Սեպտեմբերի 4-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) ու Եվգենի Շարովը (Ուկրաինա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, կրակել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից։ Ըստ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդը կրակել է նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահամանամերձ գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել, վիճակը նորմալ է:

Ըստ մամուլի խոսնակի՝ 20 գյուղ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Զինված ուժերը որևէ կորուստներ չունեն, քաղաքացիականների շրջանում տուժողների մասին Հովհաննիսյանը տեղեկություններ չունի: Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սահմանային իրավիճակը վերահսկելի է:

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի, հայկական դիրքերի ու Բերդի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցներից պայմանագրային 2 զինծառայող էր վիրավորվել:Նրանցից մեկին վիրահատել էին, նա որովայնի բաց թափանցող վերք ունի: Վիրահատությունից հետո գիշերը զինվորին տեղափոխել էին Երևան, Կենտրոնական հոսպիտալ: Մյուս վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է, վիրակապից հետո նա տեղափոխվել էր հիվանդասենյակ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույն օրը լրագրողներին ասել էր, որ իրավիճակը շփման գծում ու սահմանին վերահսկվում է, բնակչությունը կարող է հանգիստ լինել, հայկական բանակը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր առջև դրված խնդիրները լավագույնս է լուծում:

ՊՆ ղեկավարի խոսքով՝ իրականում կրակոցների թիվն ավելանում և պակասում է, բոլոր տեսակի միջոցառումներն առաջնագծում ապահովված են: Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողության մի քանի փորձ է եղել, որոնք ԼՂՀ հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---