Եվրահանձնաժողովը ԵՄ-ին միգրանտների համար նոր քվոտաներ է առաջարկում. Անդամներից մի քանիսը դեմ են

Եվրահանձնաժողովը ԵՄ-ին միգրանտների համար նոր քվոտաներ է առաջարկում. Անդամներից մի քանիսը դեմ են

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը պատրաստվում է 4 անգամ ավելացնել այն փախստականների թիվը, որոնց ԵՄ անդամ երկրներին կառաջարկվի ընդունել՝ ընդամենը մինչև 160.000 մարդ: Իսպանական El Pais-ին հղումով «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովը փորձում էր քվոտաներ բաշխել արդեն Իտալիայի ու Հունաստանի տարածքում գտնվող Սիրիայից ու Էրիթրեայից 40.000 փախստականի համար, ինչպես նաև 20.000 մարդու, որոնք դեռ ԵՄ տարածքից դուրս են, բայց մոտակա 10 տարում ԵՄ կժամանեն: Հուլիսին երկրներին հաջողվեց պայմանավորվել 32.000 փախստական (նախնական 40.000-ից) ու 22.500 ապօրինի ներգաղթյալ (սկզբնական 20.000-ից) տեղավորելու քվոտաների շուրջ: Վերադառնալ քվոտաների հարցին պատրաստվում էին դեկտեմբերին:

Մինչ այդ, Reuters-ի փոխանցմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համաձայնության են եկել Եվրոպա փախստականների հոսքի կրճատման հարցի շուրջ:

«Օլանդն ու Մերկելը որոշում են կայացրել փախստականների հարցով, որոնք ուզում են Եվրոպա մուտք գործել: ԵՄ-ն պետք է վճռական լինի ու գործի իր արժեքներին համապատասխան»,- ասվում է ֆրանսիական ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարությունում, գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է նաև, որ ամենից զատ, երկու երկրի առաջնորդը հաստատել են բաշխիչ մեխանիզմի ներդրումը ԵՄ անդամ-երկրների միջև փախստականների ընդունման համար, բայց հրաժարվել «քվոտա» հասկացությունից: Գերմանիայի կանցլերը նշել է, որ ԵՄ-ն ի վիճակի չէ կատարել միգրանտների մասին եվրոպական ռեգլամենտի պահանջները:

Մինչ այդ, ԵՄ անդամ որոշ երկրներ դեմ են քվոտաներին, այդ թվում՝ Հունգարիան ու Սլովակիան, որոնք դեպի Գերմանիա ու Ավստրիա գաղթող փախստականների համար տարանցիկ գոտի են դարձել: Ըստ Դուբլինի համաձայնագրի, որը ստորագրել են ԵՄ անդամ բոլոր երկրները, փախստականները պարտավոր են ապաստան խնդրել ԵՄ ադամ առաջին իսկ երկրից, որտեղ հայտնվել են:

Սլովակիայում ևս գոհ չեն փախստականների խնդրից: Արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է՝ փորձը ցույց է տալիս, որ նրանք չեն ցանկանա մնալ Սլովակիայում: Ըստ Լայչակի, օգնելով սիրիական ընդդիմությանը, ԵՄ-ն ինքն է պատճառներ ստեղծում, որ փախստականները Եվրոպա ժամանեն:

«ԵՄ-ն ակտիվ ներգրավված է սիրիական զարգացումներում,- նրա խոսքերը մեջբերում է TASS-ը.- Կան երկրներ, որոնք զենք են մատակարարում ու մարզում սիրիական ընդդիմությանը: Որոշ չափով մենք ինքներս ենք նպաստում Սիրիայում քաղաքացիական պատերազմին, որի պատճառով միգրանտները ձգտում են դեպի Եվրոպա»:

Արտգործնախարարի խոսքով, Սլովակիան անհրաժեշտ է համարում անվտանգ գոտիների ստեղծումը՝ փախստականների հայրենիքում և այն երկրներում, որոնց միջոցով նրանք ԵՄ-ի սահմաններ են հասնում:

Մինչ այդ Բուդապեշտի կայարանում ոստիկանության ու միգրանտների միջև բախումներ են եղել. վերջիններս դեմ էին արտահայտվում գնացքներ նստելու արգելքին: Իսկ գնացքով պատրաստվում էին Գերմանիա ու այլ երկրներ տեղափոխվել, որտեղ հուսով են ապաստան ստանալ:

BBC-ի փոխանցմամբ, իրավապահները մի քանի երիտասարդ միգրանտի է ձերբակալել, ու, հավանաբար, ուժով նստեցրել նրանց գնացքներ, որոնք հասնում են երկրի արևելքում տեղակայված փախստականների ընդունման կենտրոններ: Վենգրիական իշխանությունն իր գործողությունները բացատրում է պետսահմանի պահպանմանն ուղղված իր պարտականությամբ:

Իսկ ավստրիական ոստիկանությունն իր հերթին սեպտեմբերի 2-ին 24 փախստականի է փրկել, որոնք փակ բեռնատարում մի քանի օր էին անցկացրել: Ըստ New York Times-ի, նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են, որ հազիվ են փրկվել մեքենայում խեղդվելուց: Ավելի վաղ Ավստրիայում մեկ այլ բեռնատար էր հայտնաբերվել 71 փախստականի դիով, որոնք նույն պատճառով մահացել էին:

Ըստ ЕС Frontex գործակալության տվյալների, 2015-ի սկզբից ԵՄ տարածք է մուտք գործել 340.000 փախստական: Փորձագետների համոզմամբ, ԵՄ-ում ոչ լեգալ միգրանտների վիճակն ամենասարսափելի ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինից հետո:

Հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների թիվը գերազանցեց 100.000-ն ու կազմեց 107.500: Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից փախստականների ամենամեծ հոսքը գրանցվել է Իտալիայում, ուր ժամանում է միգրանտների գրեթե 1/3-ը, ինչպես նաև Հունաստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---