Սասունյան. ԼՂ ազատագրումն ու Ցեղասպանության ճանաչման փուլի ավարտը՝ անկախության ձեռքբերումներից

Սասունյան. ԼՂ ազատագրումն ու Ցեղասպանության ճանաչման փուլի ավարտը՝ անկախության ձեռքբերումներից

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն ելույթ է ունեցել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության կազմակերպած տոնակատարությանը: Իր ելույթում նա ներկայացրել է երկրի ձեռքբերումներից մի քանիսը՝ անկախացումից ի վեր, և մարտահրավերները, որոնք մինչ օրս ծառացած են Հայաստանի առջև:

Սասունյանը մասնավորապես ասել է.

«Անկախության առաջին տարիներին Հայաստանի Հանրապետության առավել նշանակալի ձեռքբերումը Ղարաբաղի ազատագրումն էր և Արցախի Հանրապետության հռչակումը: Արդյունքում, 20 տարեկանից ցածր հայերի մի ամբողջ սերունդ, որը ծնվել և մեծացել է անկախ Արցախում, նույնիսկ մեկ օր չի ապրել Ադրբեջանի վարչակարգի լծի տակ: Արցախի անկախությունը անշրջելի իրողություն է: Արցախն այլևս երբեք չի լինի Ադրբեջանի կազմում», ասել է Սասունյանը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ մարտահրավերներն Արցախում դեռ չեն ավարտվել. այժմ պետք է նվաճել խաղաղությունը: Ըստ Սասունյանի՝ դեռ վաղ է թուլացնելու մեր զգոնությունը: Հայաստանի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը պարբերաբար հայտնվում են ադրբեջանական հրետակոծությունների տակ:

« Մի շարք քայլեր պետք է ձեռնարկենք Արցախի անկախությունն ապահովելու նպատակով: Արցախը ոչ միայն պետք է գոյատևի, այլև բարգավաճի: Այս հրատապ անհրաժեշտությունն իրականացնելու համար մենք պետք է առաջին հերթին ամրապնդենք Արցախի պաշտպանությունը: Պատերազմից խուսափելու լավագույն միջոցը՝ լավ պաշտպանություն ունենալն է», - նշել է խմբագիրը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանցիների համար Լեռնային Ղարաբաղի վերստանալը անիմաստ շքեղություն է, իսկ հայերի համար՝ գոյատևման անհրաժեշտություն:

Սասունյանը նաև նշել է, որ բացի Արցախի պաշտպանության ամրապնդումից, պետք է ավելացնել նաև նրա բնակչության թիվը, այդպիսով գրեթե անհնար դարձնելով տարածքների վերադարձը:

Ըստ խմբագրի՝ մյուս կարևոր նպատակն է՝ ամուր իրավական հիմքերի վրա դնել Արցախի անկախությունը և միջազգային ճանաչում ձեռք բերել: Ամերիկահայ համայնքը հաջողությամբ դիմակայում է խոշոր չափերով ֆինանսավորվող ադրբեջանական լոբբիին Վաշինգտոնում և բոլոր 50 նահանգում:

Սասունյանն ընդգծել է, որ դժվարությունների այս բեռը չպետք է թողնել միայն Արցախի ժողովրդի ուսերին, այն պետք է հաղթահարել համայն հայության և նրա աջակիցների միասնական կամքի շնորհիվ:

Սասունյանի խոսքով՝ մյուս նշանակալի ձեռքբերումը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումն էր ամբողջ աշխարհում 2015-ի սկզբին: Շնորհիվ Սփյուռքի համառ ջանքերի վերջին հարյուր տարվա ընթացքում և վերջին քառորդ դարում Հայաստանի կառավարության միջազգային դիվանագիտական շփումների՝ Ցեղասպանության ճանաչման փուլը հիմնականում ավարտված է: Մենք այժմ պետք է արդարության հասնենք փոխհատուցման միջոցով:

Ըստ խմբագրի՝ Թուրքական կառավարությունը պետք է վերադարձնի այն ամենը, ինչ առգրավվել էր Ցեղասպանության ժամանակ և փոխհատուցում վճարի այն ամենի համար, որը հնարավոր չէ վերադարձնել:

«Այժմ, անկախության վերականգնումից գրեթե քառորդ դար անց, մենք հնարավոր ամեն բան պետք է անենք՝ ապահովելու մեր հայրենիքի անվտանգությունն ու բարգավաճումը:

Անկախ մեր գաղափարական, քաղաքական և կրոնական տարաձայնություններից՝ մենք բոլորս պետք է միավորվենք մեր եռագույն դրոշի ներքո: Էական չէ, արդյոք մենք համաձայն ենք այս կամ այն ղեկավարի հետ, թե՝ ոչ: Պետական պաշտոնյաները գալիս ու գնում են, իսկ հայ ժողովուրդն ու հայրենիքը հավերժական են», - ասել է խմբագիրը:

Միաժամանակ, նա նշել է, որ պետք է հաշվի առնել, թե փոխհարաբերությունը քաղաքացիների և նրանց կառավարության միջև երկկողմանի փողոց է: Պետպաշտոնյաները պարտավոր են ստեղծել մի սոցիալական միջավայր, որն արդար է, բարեկեցիկ կյանքին նպաստող և խտրականությունից ու ահաբեկումից զերծ: Քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ժողովրդավարական գործընթացների միջոցով ընտրել իրենց նախընտրած ներկայացուցիչներին՝ առանց իշխանությունների միջամտության:

Մյուս կողմից, ընդդիմությունը, պատասխանատու է հաշվետու պահել կառավարությանը նրա գործողությունների համար՝ կառուցողական քննադատության և խաղաղ միջոցներով՝ առանց վտանգելու երկրի կայունությունն ու անվտանգությունը:

Սասունյանի խոսքով՝ ցավոք, Հայաստանում դեռևս մեծ չափերի են հասնում աղքատությունը և գործազրկությունը: Անհապաղ պետք է լուծումներ գտնել սովածներին կերակրելու, կարիքավորներին օգնելու և հիվանդներին բուժելու համար, որը կկանգնեցնի արտագաղթի ալիքը՝ մեր հայրենիքի գոյատևման սպառնալիքը:

Խմբագիրն ընդգծել է, որ չնայած դժվարություններին, որոնցից մի մասը մարդկանց կողմից ստեղծված, մյուս մասը պայմանավորված կառավարության վերահսկողությունից անկախ հանգամանքներով, ինչպիսիք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումներն են, պետք է ընդունել, որ վերջին 24 տարիների ընթացքում Հայաստանի բնակչության կենսապայմանների աստիճանական առաջընթաց է գրանցվել:

Մեր առջև ծառացած հիմնախնդիրն է՝ ավելի արդյունավետ մեխանիզմ ստեղծել Հայաստանի, Արցախի և ամբողջ Սփյուռքի բոլոր 10 միլիոն հայերի ջանքերը համադրելու համար:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը:

Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---