30 սեպտեմբերի 2015 - 18:05 AMT
ՀԱՊԿ. ՀՀ ԶՈւ-ն ի վիճակի է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի սադրանքներին

Հայաստանի Զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին։ Այս մասին ՀԱՊԿ-ի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունների բացման ժամանակ լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում այդ խնդիրը, գրում է Panorama.am-ը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, ասել է, որ հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը. «Իսկ այն, որ արձագանք չի եղել, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել»։

Սեմերիկովը նաև նշել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից իրավիճակի սրման մասին, ինչպես նաև Հայաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է խնդիրը:

Նույն օրը ՀԱՊԿ-ի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա: Գեներալ-գնդապետի ներկայացմամբ, միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ և ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա։ «Մենք համարժեք պատասխան ենք տվել։ Նրանք լուրջ կորուստներ ունեն»,- նշել է Գլխավոր շտաբի ղեկավարը:

Նա համեմատություն է անցկացրել և ասել, որ Հայաստանի Զինված ուժերը ի տարբերություն ադրբեջանական բանակի, չի գնդակոծում գյուղերը, չի սպանում խաղաղ բնակիչներ:

Հարցին, թե մտահոգիչ չէ, որ ՀԱՊԿ-ն սահմանային լարվածության վերաբերյալ չի արձագանքում, ի պատասխան Խաչատուրովը նկատեց, որ «լուրջ արձագանքը» ցանկալի է:

«Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է»,- ավելացրել է նա:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15.000 կրակոց:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցավ քաղաքացիական զոհեր և 1994-ի մայիսից ի վեր ադրբեջանական կողմն առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանի օգտագործեց, ինչպես նաև առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

«Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»,- ասել է նա:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: