1 նոյեմբերի 2006 - 15:28 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա Թուրքիային դասվել քաղաքակիրթ երկրների շարքին
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում` Ֆրանսիայի դեսպանությունում, ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի դեսպանության քաղաքական խորհրդական Անես Կուկերմանի հետ: Հանդիպման նպատակը Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի եւ մոսկովյան հայ հասարակայնության երախտագիտության հայտնումն էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հոկտեմբերի 12-ին ընդունված` Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագծի կապակցությամբ: Հանդիպման ժամանակ Յու. Նավոյանը նշել է, որ օրինագծի ընդունումը հայ ժողովրդի իրավունքների հարգման հերթական դրսեւորումն է: Միաժամանակ, եվրոպական պետությունների նման քայլերը Թուրքիային իր անցյալի նկատմամբ ունեցած մոտեցումը վերանայման մղելու ուղղությամբ ամենաազդու միջոցներից են, նշել է Հայ Դատի մոսկովյան գրասենյակի ղեկավարը: Ա. Կուկերմանը անդրադարձել է ինչպես վերջին օրինագծի, այնպես էլ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության թեմայով ֆրանսիական հասարակական ու քաղաքական շրջանակներում ընթացող բանավեճին: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան ցանկանում է նպաստել ժողովուրդների միջեւ վստահության հաստատմանն ու համագործակցության ապահովմանը:
ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի կողմից մատնանշվել է հենց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ու զղջման անհրաժեշտությունը` իր պատմության մութ էջը սրբագրելու, քաղաքակիրթ երկրների շարքին դասվելու եւ, ըստ այդմ, իր հարաբերությունները կառուցելու համար: Հանդիպման ընթացքում տեսակետներ են հայտնվել նաեւ Հարավային Կովկասում առկա խնդիրների, տարածաշրջանի երկրների միջպետական հարաբերությունների վերաբերյալ: Անդրադարձ է եղել Ֆրանսիայում Հայաստանի տարվան, կարեւորվել է դրա շրջանակներում անցկացվող միջոցառումների նշանակությունը, հաղորդում է «Երկիր» թերթը: