6 հոկտեմբերի 2015 - 13:40 AMT
Իրանի ԱԳ փոխնախարար. Միջուկային համաձայնությունը կխորացնի հայ-իրանական տնտեսական գործակցությունը

Միջուկային խնդրի կարգավորման շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված համաձայնությունը հայ-իրանական տնտեսական գործակցության խորացման համար հնարավորություններ է ընձեռում: Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Մորթազա Սարմադին՝ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպմանը:

Իրանում ՀՀ դեսպանն էլ իր հերթին, ընդգծելով միջուկային համաձայնության կարևորությունը, նշել է, որ այն կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանը, իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը հղումով գրում է Panorama.am-ը:

«Հայկական մի շարք ընկերություններ ցանկանում են ներդրումներ կատարել Իրանում: Միևնույն ժամանակ մենք կողջունենք իրանական ընկերությունների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկությունը», - նշել է Թումանյանը՝ հավելելով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և եթե իրանական ընկերությունները ներդրումներ կատարեն Հայաստանում, ապա նրանք կկարողանան իրենց ապրանքներն արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ: Միևնույն ժամանակ Հայաստանը համարվում է «դարպաս» դեպի Եվրամիություն :

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին ասել է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով: Այս մասին նա հայտնել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին ընդունելու ժամանակ՝ դեսպանիդիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հոկտեմբերի 5-ին հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը մտադիր են ավելացնել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները: Ինչպես հայտնել է Mehr գործակալությունը, Զանգանեն այս հայտարարությունն արել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զաքարյանի հետ հանդիպման ավարտին: Իր հերթին գազի արտահանման համար պատասխանատու իրանական NIGEC պետական ընկերության կառավարիչ տնօրեն Ալիռեզա Քերիմլին հայտարարել է, որ Իրան-Հայաստան գազամուղով կարելի է օրական 6 մլն խմ գազառաքել, սակայն այսօրվա դրությամբ առաքվում է միայն 1 մլն խմ: «Անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով Հայաստանն այսօր չի կարող լիովին օգտվել գազամուղի թողունակությունից», - ասել է Քերիմլին:

Իրանական գազն առավքում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի` 1 խմ գազի դիմաց 3 կՎտ հարաբերակցությամբ:

Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն է: 2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց:

Դեռևս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: «Եթե ներդնողներ լինեն և հնարավոր լինի կառուցել ճանապարհի հայաստանյան հատվածը, հետագայում Վրաստանի ու Ռուսաստանի հետ կապելու հեռանկարով, մենք պատրաստ ենք մեր բյուջեի միջոցներով կառուցել մեր հատվածը: Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը կիսել, քանի որ Իրանը ինժեներատեխնիկական մեծ հնարավորություններ ունի ու երկաթուղիների կառուցման մեծ փորձ»,-ասել էր դեսպանը:

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին Իրանի $4,2 մլրդ արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին է: