Ֆրանկոֆոնիայի համաժողովում ընդունվել է ՀՀ-ի մշակած՝ Ցեղասպանությունների կանխարգելման բանաձևը![]() 12 հոկտեմբերի 2015 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել են այն բոլոր նախագծերը, որոնք ՀՀ-ն մշակել է և ներկայացրել կազմակերպության Երևանում կայացած համաժողովում: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի արդյունքների ամփոփիչ ասուլիսում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Երևանում հոկտեմբերի 10-ին մեկնարկել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի անունից հրավերներ են ուղարկվել Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետության արտաքին գործերի նախարարներին: Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության մոտ 500 ներկայացուցիչ: Արտգործնախարարը նշել է, որ համաժողովի ընթացքում ընդունված բանաձևերից մեկը միտված է ցեղասպանությունների կանխարգելմանը, դա կոչ է՝ ուղղված ամբողջ աշխարհին՝ այլևս երբեք թույլ չտալ նոր հանցագործություններ, ցեղասպանություններ: «Համաժողովին ներկա բոլոր պետությունները պաշտպանեցին մեր ներկայացրած բանաձևը»,- ընդգծել է Նալբանդյանը, գրում է Panorama.am-ը: ԱԳ նախարարի գնահատմամբ, Երևանում կայացած համաժողովի ընթացքում տեղի են ունեցել բովանդակալից, արգասաբեր քննարկումներ: Նրա խոսքով՝ համաժողովը ցույց է տվել, որ կազմակերպության անդամ պետությունները, կառավարությունները հանուն համերաշխության կարող են համախմբվել: Հոկտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի պատվիրակությունները Նալբանդյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Պատվիրակության ղեկավարներն ու անդամները անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այցի ընթացքում Քվեբեկի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան Պիեռը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է փոխանցել Ցեղասպանությանը վերաբերող՝ Քվեբեկի ազգային ժողովի բանաձևի և վարչապետ Ֆիլիպ Քուիյարի հաղորդագրության բնօրինակները: Վարչապետի հաղորդագրությունում Ֆիլիպ Քուիյարը հայտնում է, որ 2015-ի ապրիլի 24-ին նրա առաջադրած օրինագիծը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը իբրև ժամանակակից պատմության մի դժբախտ ու ցավալի դրվագ հիշատակելու մասին, միահամուռ ընդունվել է ի նշան հայկական ծագում ունեցող 25 հազար համաքաղաքացու հետ համերաշխության: «Հանդիսանալով մարդկային պատմության ցավագին էջերից մեկը՝ այս ցեղասպանությունը իսկական դաս է ներկա և ապագա սերունդներին: Մենք պետք է վառ պահենք հիշողությունը և գրառենք այն պատմության մեջ, որպեսզի այլևս երբեք կյանքի չկոչվեն նմանատիպ սարսափելի իրադարձություններ», - ասված է Քուիյարի հաղորդագրությունում: Համաժողովի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային խնդիրները, միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, որոնց վերաբերյալ ընդունվել են համապատասխան բանաձևեր։ Նախարարական հանդիպման շրջանակում կազմակերպված էր նաև հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ հոկտեմբերի 10-ին Կրեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |