ԱՄՆ և Ադրբեջանի հարաբերությունները կառուցվում են «իրավահավասարության, ժողովրդավարության և ազատության հիման վրա»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, ելույթ ունենալով Բաքվի դիվանագիտական ակադեմիայում:
«Անդրադարձ կատարելով երկու երկրների հարաբերությունների պատմությանը` դեսպանը հիշել է Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ավանդույթները, որի օրոք ապահովված էին ժողովրդավարական նորմերն ու ազատությունները»,-գրում է Contact.az-ը:
Խոսելով երկկողմ հարաբերությունների ընթացիկ մակարդակի մասին` դեսպանը հիշատակել է անվտանգության հարցերը, էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերը:
«Միևնույն ժամանակ, մենք կարևորում ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունն ու հիմնական ազատությունների ապահովումը»,-նշել է նա:
Կայունություն հնարավոր է միայն այն երկրում, որտեղ զգում են, որ կառավարությունը հաշվետու է նրանց, ասել է դիվանագետը:
Այնուհետև նա մեջբերել է նախագահ Օբամայի խոսքերն այն մասին, որ ոչ ժողովրդավարական երկրներում ժամանակ առ ժամանակ անկայունություն է գրանցվում:
«Լիբիայի այսօրվա ճգնաժամի հիմքում Քադդաֆիի 42-ամյա կառավարումն է»,-նշել է Սեկուտան:
2011-ի հունիսի 27-ին Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Միջազգային քրեական դատարանը Լիբիայի ղեկավար Մուամմար Քադդաֆիին ձերբակալելու թույլտվություն տվեց` սպանությունների, ապօրինի ձերբակալությունների մեղադրանքով: Քաղաքացիական պատերազմի արդյունքում ՆԱՏՕ-ի միջամտությամբ ընդդիմադիր ուժերն աստիճանաբար հսկողություն հաստատեցին ամբողջ երկրում: Քադդաֆին սպանվեց 2011-ի հոկտեմբերի 20-ին Անցումային ազգային խորհրդի ուժերի կողմից Սիրտ քաղաքի գրավումից հետո:
ԱՄՆ-ն ցանկանում է Ադրբեջանը տեսնել որպես «կայուն, բարգավաճ և ժողովրդավարական» երկիր, հավելել է նա: Ավելի վաղ ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը հայտարարեց, որ Եվրոպայի խորհուրդը դուրս է գալիս մարդու իրավունքների հարցերով՝ Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից:
«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հոկտեմբերի 7-ին նախարարների կոմիտեին տեղեկացրել է մարդու իրավունքների հարցերով՝ Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից դուրս գալու իր որոշման մասին:
2014-ի հոկտեմբերից ԵԽ ներկայացուցիչը ներկա է եղել Բաքվում տեղի ունեցած հանդիպումներին, որոնք միտված էին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև երկխոսության վերականգնմանը: Չնայած այդ նախաձեռնություններին՝ երկրում իրավապաշտպանների հետ կապված ընդհանուր դրությունը վատթարացել է», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Դեռ 2014-ի հոկտեմբերի 22-ին ադրբեջանական քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ դիմել են ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Անն Բրասերին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կապակցությամբ:
35 ակտիվիստի ստորագրությամբ կոչում նշված էր, որ մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խումբը կազմված է հիմնականում կառավարական պաշտոնյաներից, խորհրդարանի անդամներից և իշխանամետ ՀԿ-ների ներկայացուցիչներից: Ակտիվիստների կոչը, սակայն, անտեսվել է:
Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։
Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։
Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: