ՏՐԱՍԵԿԱ-ի հետ ՀՀ-ի պայմանագիրը. Կմեծացվեն Եվրոպա փոխադրվող բեռների ծավալները

ՏՐԱՍԵԿԱ-ի հետ ՀՀ-ի պայմանագիրը. Կմեծացվեն Եվրոպա փոխադրվող բեռների ծավալները

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագային:Հանդիպմանը Բեգլարյանը ստորագրել է «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» Հիմնական համաձայնագրի` «Սև և Կասպից ծովերում երկաթուղային-լաստանավային համալիրների շահագործման հիմնական սկզբունքների մասին» Տեխնիկական հավելվածը:

Այն ՀՀ-ին հնարավորություն կտա մեծացնել դեպի Եվրոպա հայկական բեռների փոխադրման ծավալներն ավտոմոբիլային տրանսպորտով և երկաթուղային-լաստանավային փոխադրումների միջոցով` Սև ծովի Փոթի և Բաթումի նավահանգիստներով: Կդյուրացվեն բեռնափոխադրումների գործընթացը, փոխադրող կազմակերպությունների համար կնվազեն փաստաթղթերի ձևակերպման վարչարարությունը, ժամանակը և ծախսերը: Տարանցիկ փոխադրումների իրականացման համար կսահմանվեն արտոնյալ պայմաններ:

Փաստաթուղթը խթան կհանդիսանա մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար:

ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակում ներկայումս իրականացվում են Դիլիջան-Վանաձոր 47 կմ երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները:

«Մենք շատ ինտենսիվ և սերտ գործակցում ենք ՏՐԱՍԵԿԱ-ի հետ և հուսով ենք, որ գործակցությունը կլինի արդյունավետ նաև Ձեր պաշտոնավարման ընթացքում», - ասել է Բեգլարյանը:

Չիոպրագան իր հերթին կարևորել է Հայաստանի հետ կազմակերպության հետագա գործակցությունը. «Մենք բարձր ենք գնահատում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ջանքերը՝ Հայաստանում ՏՐԱՍԵԿԱ-ի կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը նպաստելուն: Վստահեցնում եմ, որ մեր կազմակերպությունն այսուհետ ևս կանի ամենը Եվրոպայից Ասիա տրանսպորտային շարժն առավել ակտիվացնելու համար, որպեսզի Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր, կարողանա օգտվել այդ հնարավորությունից»:

ՏՐԱՍԵԿԱ բազմակողմ գործակցության ծրագիրը առաջարկվել է Եվրամիության կողմից 1993-ին:

Ծրագրի իրավական կարգավիճակը ամրագրվել է 1998-ին, երբ տարածաշրջանային 12 երկիր ստորագրել էին Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ Հիմնական բազմակողմ համաձայնագիրը (Basic Multilateral Agreement /MLA/):

2000-ին ստեղծվել էր ծրագրի Միջկառավարական հանձնաժողովը, իսկ մեկ տարի անց` Հանձնաժողովի գործադիր մարմինը` Մշտական քարտուղարությունը (նստավայրը` Բաքու):

1993-ից ՀՀ-ն ընդգրկված է ՏՐԱՍԵԿԱ տեխնիկական աջակցության ծրագրում, որը Եվրամիության կողմից առաջարկվել էր Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի երկրների միջև տնտեսական հարաբերությունների, առևտրի և տրանսպորտային կապի զարգացման նպատակով:

2000-2002 թթ. ՏՐԱՍԵԿԱ շրջանակում իրականացվել էր Երևանի, Թբիլիսիի և Բաքվի միջև ավտոճանապարհային կապի վերակառուցման ուսումնասիրությունների ծրագիրը:

2006-ին Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև համաձայնագիր էր ստորագրվել միջազգային ավտոճանապարհային տրանսպորտի զարգացման վերաբերյալ:

2008-ին Ռուսական երկաթուղիների, Հարավկովկասիան երկաթուղիների և Հայաստանի կառավարության միջև 30 տարվա ժամկետով համաձայնագիր էր ստորագրվել Հայաստանի երկաթուղիների վերականգնման և բարելավման վերաբերյալ:

2010-ին կայացավ ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Գլխավոր քարտուղար Է. Բիրյուկովի այցը Հայաստան, որի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մ.Վարդանյանի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ս.Մանասարյանի հետ: Հայաստանը ներկայացրել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի զարգացման մանրամասները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---