Նախարար․ Մինչև 2036-ը ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկան կազատականացվի![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր դրվածքային հզորությունը ներկայումս կազմում է մոտ 3․200 ՄՎտ, որից հասանելի է մոտ 2․670-ը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 15-ին հայ-իրանական համաժողովի ընթացքում ներկայացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվելիք կարևորագույն ծրագրերը՝ նշելով, որ բնագավառը տարիներ ի վեր հայ-իրանական տնտեսական գործակցության գլխավոր ուղղություններից մեկն է։ Նա նշեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ KfW բանկի, ՀԲ-ի, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հաջողությամբ իրականացվում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման 220 կիլովոլտ ցանցի ենթակայանների և գծերի արդիականացման, մյուս ենթակառուցվածքների ու գծերի կառուցման ծրագրերը։ «Հաշվի առնելով 2013-2014թթ-ի ընթացքում վառելիքաէներգետիկ շուկայի և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում արձանագրված փոփոխությունները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիայի խորացման ու ընդլայնման՝ նկատելի միտումները, Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ բանակցությունների արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել նախանշել և մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում՝ մինչև 2036-ը էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը։ Այդ նպատակով մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացմանն ուղիները» փաստաթուղթը», - ասաց նախարարը՝ առանձնացնելով ռազմավարական ծրագրում ընդգրկված կարևորագույն ուղղությունները։ Նախարարի խոսքով, ամենից կարևորն այստեղ մինչև 2036-ը էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացումն է՝ դրա արդյունավետությունը բարձրացնելու ու ներդրումներ խթանելու նպատակով։ Տարածաշրջանային համագործակցության առումով կարևորվում է Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը։ Այսպես, 2018-ին Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո կստեղծվի զուգահեռ աշխատանքի հնարավորություն, հնարավոր կդառնա նաև էլեկտրահամակարգի ինտեգրումը ԵԱՏՄ երկրների էներգետիկ համակարգին և Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծումը։ Այս հանգամանքը կնպաստի ներդրումների ներգրավմանը նաև ավանդական արտադրական հզորությունների զարգացման համար։ «Հաջորդ ուղղությունը Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի պահպանումն է 2027-ից հետո, ինչը տնտեսապես փոխշահավետ է երկու երկրների համար։ Նաև՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգումը մինչև 2026-ը՝ հաշվի առնելով, որ տնտեսապես շահավետ այլընտրանք այսօր չկա։ Նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսվում է 2027-ին, իսկ ՀԱԷԿ-ի գործող բլոկի շահագործումից դուրս բերումը՝ 2026-2036 թթ.-ին»,- ասաց Զախարյանը։ 2018-ին նախատեսվում է համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի կառուցում՝ 220 մեգավատտ հզորությամբ, իսկ մինչև 2021-ը՝ փոքր հիդրոկայանների կառուցում՝ գումարային մինչև 150 մեգավատտ հզորությամբ՝ հաշվի առնելով տեսակարար ներդրումների աճը և բնապահպանական պահանջների ապահովումը։ Նախատեսվում է նաև միջին հզորությամբ ՀԷԿ-երի՝ «Լոռիբերդ» 66 մեգավատտ և «Շնող» 70 մեգավատտ, զարգացում և շահագործման հանձնում 2021թ-ին, ինչը կավելացնի տարեկան արտադրանքը մոտ 500 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ «Ռազմավարական նշանակություն ունի հայ-իրանական «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման համաձայնագրի իրականացումը՝ ակնկալելով, որ կայանը 2033-2035 թթ.-ին կներգրավվի ՀՀ էներգահամակարգի մեջ։ ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, նախնական, 130 մեգավատտ է, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքը՝ մոտ 800 մլն կվտ/ժամ։ Ծրագիրը ենթադրում է նաև մոտ 200 մեգավատտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների կառուցում մասնավոր ներդրողների հաշվին, ինչպես նաև 40 մեգավատտ գումարային հզորությամբ արևային կայանների կառուցում մինչև 2021-ը։ 2024-ին նախատեսվում է 30 մեգավատտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայանի կառուցում և շահագործման հանձնում։ Ծրագիրն իրատեսական է, եթե 2015թ-ին հորատմանն արդյունքում հաստատվի երկրաջերմային աղբյուրի պոտենցիալը», - հավելեց նախարարը։ Զախարյանը կարևորեց էլեկտրահաղորդման 220 կիլովոլտ ցանցի ենթակայանների և գծերի արդիականացման ու նոր ենթակառուցվածքների, գծերի կառուցման ծրագրերի շարունակականություն։ «Մենք առաջնորդվում ենք տեղական ռեսուրսների՝ տնտեսապես հիմնավորված ներուժի ամբողջական և նպատակային օգտագործման գաղափարով։ Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունեն վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերում այնպիսի նախագծերի կիրառումը, որոնք կմեղմացնեն սպառողական սակագների վրա ներդրումների ազդեցությունը։ Վերականգնվող էներգետիկայի հետագա զարգացման խթանման նպատակով 2014-ին «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում լրացուցիչ արտոնություններ սահմանվեցին վերականգնվող էներգետիկայի համար․ մասնավորապես, բացի փոքր ՀԷԿ-երից, մնացած բոլոր վերականգնվող ռեսուրսների հաշվին արտադրված էլեկտրաէներգիայի գնման պարտադիր երաշխիքը 15 տարուց փոխվեց 20 տարվա»,- եզրափակեց նախարարը։ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին իր խոսքում նշեց, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի հետ՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի և «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերի իրականացման առումով։ Մասնավորապես, էլեկտրահաղորդման երրորդ գծի ֆինանսավորման խնդիրը արդեն լուծվել է։ «24 ամսվա ընթացքում այն շահագործման կհանձնվի։ Դրա շնորհիվ կշարունակվի երկու երկրների միջև «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագիծն իրականացումը, ինչը կնպաստի երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- նշեց նա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |