Դավութօղլուն՝ Մերկելի հետ հանդիպմանը. 1915-ի դեպքերը ԵՄ-ում պետք է քննարկեն ակադեմիական մակարդակով

Դավութօղլուն՝ Մերկելի հետ հանդիպմանը. 1915-ի դեպքերը ԵՄ-ում պետք է քննարկեն ակադեմիական մակարդակով

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Դավութօղլուն մասնավորապես ասել է.

«1915-ի դեպքերը տիկին Մերկելի հետ շատ ենք քննարկել, հատկապես այն ժամանակ, երբ այդ հարցը Գերմանիայի խորհրդարանում էր բարձրացվել: Հավատում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վերջին վճռից հետո այդ թեման Եվրոպայում այսուհետև պետք է քննարկվի առավելապես ակադեմիական մակարդակով: Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ Թուրքիան այդ տեսանկյունից պատրաստ է աջակցել ամեն տեսակ պատմական հանձնաժողովների աշխատանքներին, որոնցում ներառված կլինեն նաև գերմանացի պատմաբանները»:

Թուրքիայի վարչապետը, ընդգծելով, որ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան և Գերմանիան միասին են գործել, ասել է, որ իրենք միշտ կարևորել են գերմանացի պատմաբանների մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծումը, որի տրամադրության տակ կդրվեն նաև թուրքական արխիվներ, Haberciniz.biz-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր Sozcü պարբերականի կայքը լուր էր հրապարակել այն մասին, թե փախստականների խնդրի կարգավորման գործում Էրդողանին «համոզելու» նպատակով Մերկելն իր հետ Թուրքիայի է տարել «հայկական և քրդական հարցերի փաթեթները»՝ մանրակրկիտ մշակված գերմանացի քաղաքագետների կողմից»: Ըստ նույն աղբյուրի՝ մասնավորապես հայկական հարցի շրջանակում Գերմանիան Թուրքիայի հետ «փոխզիջումների հասնելու հույսով պատրաստակամություն էր հայտնելու էլ ավելի հետաձգել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրի խորհրդարանում (Բունդեսթագում) քննարկման սպասող բանաձևի հաստատումը»:

ԳԴՀ կանցլերը, գտնվելով Ստամբուլում, խոստացել է, որ Գերմանիան կարագացնի Թուրքիայի անդամակցության գործընթացը Եվրամիությանը:

Համապատասխան հայտարարությունը նա արել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք ցանկանում ենք առավել դինամիկ դարձնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը և բանակցություններ սկսել տնտեսությանը և դրամային քաղաքականությանը վերաբերող 17-րդ կետի շուրջ»,-ասել է նա: Մյուս կետերն, ըստ Մերկելի, կքննարկվեն ավելի ուշ:

Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ Անկարան հուսով է, որ մինչև 2016-ի հուլիսը ԵՄ անդամ երկրների հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ կսահմանվի: Մինչ այդ ժամկետը պետք է ուժի մեջ մտնի ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որով երկիրը պարտավորվում է հետ ընդունել իր քաղաքացիներին, հավելել է նա: Թուրքիայի վարչապետը նշել է, որ դա պետք է նպաստի միգրանտների խնդրի կարգավորմանը:

2015-ի Ապրիլին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն ու Դաշնային կառավարությունը հավանություն տվեցին 20-րդ դարի սկզբի հայկական ջարդերը Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն որակելուն:

2015-ի Սեպտեմբերին Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել էր, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձևի քննարկման գործընթացը շարունակվում է:

Ավելի վաղ Մաթիաս Քիսլերը հույս էր հայտնել, որ Բունդեսթագը Հայոց ցեղասպանության հստակ ձևակերպումներով բանաձև կընդունի: Սակայն նա դժվարացել է ասել, թե երբ տեղի կունենան քննարկումները, քանի որ ներկայումս Գերմանիայի խորհրդարանը շատ ավելի հրատապ հարցով է զբաղված` կապված փախստականների մեծ ներհոսքի հետ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---