«ՆԳ». Ինչո՞վ Մերկելը կհատուցի Եվրոպան միգրանտներից պաշտպանելու Թուրքիայի համաձայնության համար

«ՆԳ». Ինչո՞վ Մերկելը կհատուցի Եվրոպան միգրանտներից պաշտպանելու Թուրքիայի համաձայնության համար

PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 18-ին կարճատև այցով ժամանել է Ստամբուլ և հանդիպումներ ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Քննարկվել են պայքարն ահաբեկչության դեմ, իրավիճակը Սիրիայում, փախստականների ճգնաժամի հաղթահարման ուղիները: Սրանք այն նույն թեմաներն են, որ անցած շաբաթ Բրյուսելում արծարծել էր ԵՄ ղեկավարության հետ բանակցություններում Էրդողանը, և որոնք քննարկվել էին կազմակերպության գագաթնաժողովում: Սակայն այն ժամանակ միայն նախանշվեց միգրացիոն ճնշման նվազմանը միտված Գործողությունների ծրագրի մասին սկզբունքային պայմանավորվածությունը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Ինչպես զգուշավոր մեկնաբանեցին Բեռլինում, Գործողությունների ծրագիրը միայն հիմք է խոսակցության համար, և «ոչ ոք չպետք է մոտալուտ ազդեցություն ակնկալի կանցլերի Ստամբուլ այցելությունից»: Դեռ հարկ կլինի ճշտել ժամկետները, առանձին դրույթները, կատարման հուսալիությունը: Սակայն մամուլն առաջին հերթին ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ այս անգամ Մերկելը, կարծես, առաջին անգամ միջազգային բանակցություններում հանդես է գալիս թույլ դիրքերից և, ավելին, խնդրողի դերում: Ըստ Գերմանիայում տարածված կարծիքի, կանցլերը փակուղում է հայտնվել իր միգրացիոն քաղաքականության պատճառով` միանձնյա որոշմամբ ինքնաբուխ բացելով սահմանները փախստականների առջև: Ըստ վերջին տվյալների, 40 օրում Գերմանիա է մուտք գործել մոտ 410 հազար փախստական:

Ինչպես գրում է պարբերականը, երկրում աճում է դժգոհությունն այդ մեծ հոսքից:

Այս ֆոնին հենց Մերկելը դարձավ փախստականների ճանապարհը Եվրոպա Թուրքիայում կասեցնելու գաղափարի նախաձեռնողն ու առանցքային դեր վերապահեց Անկարային, գրում է մամուլը: Ըստ առկա տեղեկությունների, դեռ մեկ ամիս առաջ նա այս առիթով հեռաձայնել էր Էրդողանին: Այդպես հայտնվեց Գործողությունների ծրագիրը, որն ընդհանուր առմամբ հետևյալ տեսքն ունի. Անկարան խիստ հսկողություն է սահմանում իր սահմաններին, պայքարում է մաքսանենգների դեմ, հսկայական ճամբարներ է կառուցում փախստականների համար և վերջ դնում նրանց անվերահսկելի տեղաշարժին, որի 90 տոկոսը Թուրքիայի տարածքով է կատարվում: Փոխարենը Թուրքիան մի քանի մլրդ եվրո կստանա, օգնություն ճամբարները պահելու համար, մուտքի արտոնագրերի ստացման դյուրացում իր քաղաքացիներին Շենգենի գոտի ուղևորությունների համար, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների հնարավոր վերսկսում:

Ըստ դիտորդների, ԵՄ-ին ու Գերմանիային շատ շահավետ կլինի, եթե Թուրքիան մի քանի մլրդ եվրոյով ստանձնի սահմանային Եվրոպոլի առաքելությունը: Դա կնպաստեր նաև ԵՄ-ում տարածում ստացած գաղափարին, ըստ որի հարկավոր է գրանցման կետեր, գոտիներ ու ճամբարներ կառուցել փախստականների համար:

Հավանաբար, իրավիճակը ստիպում է դաշնային իշխանություններին աչք փակել այն ամենի վրա, ինչը նախկինում պարսավանքի էր ենթարկվում կամ տարբերվում էր Բեռլինի դիրքորոշումից: Բունդեսվերը, ինչպես հայտնի է, «հովանավորում է» իրաքյան քրդերին, մատակարարում է փեշմերգայի ջոկատներին զենքով ԻՊ դեմ պայքարում: Մոտ 100 գերմանացի տեսուչ տեղում սովորեցնում է նրանց օգտվել զենքից: Բնականաբար, դա հակասում է քրդերի դիրքերի ռմբակոծման թուրքական քաղաքականությանը:

Միաժամանակ, Գերմանիան, այդ թվում պաշտոնական մակարդակով, քննադատում է Անկարայի ռեժիմը բռնատիրության, մարդու իրավունքների խախտման և այլ հարցերում: Մերկելին հանդիմանում են, որ նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր այցով նա ամրապնդում է Էրդողանի և նրա կուսակցության հեղինակությունը: Սակայն, պարզ է, որ կանցլերի համար շատ ավելի կարևոր է և հրատապ առաջ տանել միգրացիոն խնդիրների լուծումը, որից կարող է կախված լինել նրա հետագա քաղաքական ճակատագիրը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---