Թուրքիայի վարչապետ. Խոցված անօդաչու սարքը ռուսական արտադրության էր

Թուրքիայի վարչապետ. Խոցված անօդաչու սարքը ռուսական արտադրության էր

PanARMENIAN.Net - Անօդաչու թռչող սարքը, որը թուրքական ՌՕ ուժերը խոցել էին հոկտեմբերի 16-ին, ռուսական արտադրության էր: Այդ մասին, ըստ տեղի հեռուստատեսության, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

«Սարքը ռուսական արտադրության էր: Սակայն այն կարող էր պատկանել և Բաշար Ասադի ուժերին, և քուրդ զինյալներին, և այլ ուժերի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հոկտեմբերի 16-ին Սիրիայի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտած ինքնաթիռը գրոհի է ենթարկվել և խոցվել է թուրքական ՌՕՈւ կողմից: «Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի օդային տարածքում` թուրք-սիրիական սահմանին հայտնաբերվել է ինքնաթիռ, որի պետական պատկանելությունն անհյատ է: Եռակի զգուշացումից հետո այն շարունակել է թռիչքը Թուրքիայի օդային տարածքում: Մեր ինքնաթիռները, որոնք պարեկում էին սահմանը, սպառնալիքների արձագանքման կանոնների շրջանակում կրակ են բացել և խոցել են ինքնաթիռը»,-ասվում էր Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոցվել է անօդաչու սարք:

Ավելի վաղ թուրք վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան առանց տատանվելու կխոցի բոլոր ինքնաթիռները Թուրքիայի օդային տարածքը խախտելու դեպքում: «Եթե դա ինքնաթիռ լիներ, մենք նույն կերպ կվարվեինք: Մեր քաղաքականությունը հայտնի է: Մեր սահմանները խախտելու դեպքում պատասխանն անխուսափելի կլինի»,-ասել էր վարչապետը:

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Սիրիայում գործող բոլոր ռուսական ինքնաթիռները վերադարձել են ավիաբազա, իսկ անօդաչու սարքերը գործում են ըստ պլանի:

ԱՄՆ-ն հայտարարություն չի արել անօդաչու սարքի պատկանելության վերաբերյալ: «Ոչինչ չեմ կարող ասել այս առիթով»,-հայտարարել է լրագրողներին ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---