Սկսելով սիրիական պատերազմի շուրջ միջազգային բանակցությունների վճռական փուլը` Օբամայի վարչակազմը պատրաստ է համաձայնվել, որ նախագահ Բաշար Ասադը շարունակի պաշտոնավարել ևս մի քանի ամիս, կամ անցումային ամբողջ շրջանի ընթացքում, ասվում է The Wall Street Journal-ի հոդվածում: Խոսքը հոկտեմբերի 30-ին Վիեննայում մեկնարկած բանակցությունների մասին է: «Ըստ պաշտոնյաների, Սպիտակ տունը, ցանկանալով բանակցությունների մասնակիցներին մանևրելու տարածք տալ, Ասադի հեռանալու ժամկետներ չի նշում:
Սակայն բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ վարչակազմը քննարկել է դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հետ, կարգավորման այն տարբերակը, որը թույլ է տալիս պաշտոնավարել Ասադին նաև կրակի դադարեցումից հետո»,-ասվում է հոդվածում:
Հեղինակները մեկնաբանում են. «Այս մոտեցումը արտացոլում է նոր իրողությունները, որոնք Սիրիային պարտադրեցին ՌԴ-ն ու Իրանը` ակտիվացնելով ռազմական գործողություններն ի սատարումն Ասադի: Այս մոտեցումը նաև արդյունք է այն բարդությունների, որ կոալիցիան ունեցավ ԻՊ դեմ ԱՄՆ գլխավորած պայքարում»:
«Ըստ ԱՄՆ և արաբական երկրների պաշտոնյաների, Ռուսաստանը և Իրանը պահանջում են, որ Ասադն իշխանությունը պահպանի: ԱՄՆ արաբ դաշնակիցները պնդում են, որ Ասադի պաշտոնանկության հստակ ժամանակացույց սահմանվի»,-գրում է պարբերականը:
Այդ նույն պաշտոնյաները պնդում են, որ վերջին շաբաթներին ԱՄՆ պետքարտուղար Քերին համոզում էր Ասադի ամենահետևողական հակառակորդներին, այդ թվում Սաուդյան Արաբիային, Թուրքիային և Քաթարին, հավանություն տալ դիվանագիտական լուծմանը, որը թույլ կտա Ասադին պահպանել իշխանությունն անցումային շրջանում:
Ըստ պարբերականի, այժմ Սպիտակ տան առաջնային խնդիրն է` «հասնել, որ Սիրիայում հակամարտության կողմերը պահպանեն հրադադարը, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա արդյունավետ գրոհել ԻՊ դեմ»: Սպիտակ տունը կարծում է, որ Ասադի ապագայի հարցը կարելի է ավելի ուշ լուծվել, փոխանցում է Ինոպրեսան:
ԱՄՆ գործող և նախկին պաշտոնյաներն ասում են. հաշտվելով Իրանի և ՌԴ պահանջների հետ` ԱՄՆ-ին դժվար կլինի համոզել ապստամբներին դադարեցնել կրակը: Սակայն, ինչպես պնդում են նրանք, եթե գոնե մի քանի խմբավորում համաձայնվի, մյուսներն ակամայից կհետևեն նրանց օրինակին, հարվածների չենթարկվելու համար: «ԱՄՆ վարչակազմը հուսով է, որ կհամոզի Մոսկվային, որ ռազմական միջամտությունը Սիրիայում սխալ քայլ է և պետք է դիվանագիտական ելք փնտրել, քանի դեռ ռուսները չեն սկսել կորուստներ կրել»,-ասվում է հոդվածում:
Մինչդեռ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևը ԱՄՆ դիրքորոշման փոփոխությունն անվանել է ՌԴ արտաքին քաղաքականության աներկբա հաղթանակը: Որպես հաջողության գրավականներ Լևիչևը նշել է Պուտինի ելույթը ՄԱԿ ԳՎ նիստում, ԱԳՆ գործունեությունը, ինչպես նաև հստակ կետային հարվածները ԻՊ դիրքերին: