5 նոյեմբերի 2015 - 10:38 AMT
Մոսկվայում անսարքության պատճառով հետաձգվել է Երևան ուղևորվող 2 ավտոբուսի մեկնումը

Մոսկվայի պետավտոտեսչության աշխատակիցները թույլ չեն տվել մեկնել Երևան ուղևորվող ավտոբուսներին, որոնք արգելակների և ղեկի հետ կապված լուրջ անսարքություններ ունեն:

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության պետ Անդրեյ Գալիակբերովը:

«Հատուկ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է հայտնաբերել Երևան մեկնող 2 ուղևորատար ավտոբուս, որոնց տեխնիկական զննության ժամանակ լուրջ անսարքություններ են հայտնաբերվել արգելակների և ղեկի համակարգում, նաև ավտոբուսների գործարանային կառուցվածքի փոփոխություններ»,-ասել է Գալիակբերովը: Պարզվել է, որ վարորդներն իրականացրել են ուղևորափոխադրումներն առանց համապատասխան արտոնագրի և անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով, հավելել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Այժմ ավտոբուսները տարվել են հատուկ կայանատեղի, իսկ վարորդները` ոստիկանություն` հետագա պարզաբանումների համար: Որոշվում է մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցը:

Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ քննարկում է եղել ՀՀ նախագահի հետ և որոշվել. «Բոլոր ծախսերը՝ բուժման և հուղարկավորության, ՀՀ կառավարությունը կվերցնի իր վրա»։

Աբրահամյանը նաև հայտնել է, որ ստեղծվել է Կառավարական հանձնաժողով, որի ղեկավարն է ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։

«Գագիկ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկվանից Տուլայի նահանգում են ու անմիջական աջակցություն են բերում տուժածներին։ Շնորհակալ ենք նաև մեր ռուս գործընկերներին», - ասել է նա:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար: ՌԴ Ուզլովսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել Տուլայի մերձակայքում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին կալանավորել երկու ամսով:

Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով: