17 նոյեմբերի 2015 - 14:52 AMT
ՌԴ-ն կարող է արգելել ներմուծվող կոնյակի պետգնումները. Հայ արտադրողներն իրենց համար ռիսկեր չեն տեսնում

Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Կոնյակ արտադրողների միությունը («Սոյուզկոնյակ) առաջարկել է արգելել ներմուծվող կոնյակի պետգնումները: Ըստ «Սոյուզկոնյակի» կայքի հաղորդագրության, նախաձեռնությունն առաջարկի փուլում է:

Ըստ ՌԴ գյուղնխարարությանը հասցեագրված նամակի, միությունը պատրաստվում է առաջարկել ընդգրկել կոնյակը ներկրվող ապրանքի պետգնումների սահմանափակման ցանկում:

Միության նախագահ Վալերի Պարֆենովը գտնում է, որ հայրենական կոնյակն ապացուցել է իր կայացած լինելն ու մրցունակությունը: Եթե կոնյակը ներառվի պետգնումների սահմանափակումների ցանկում, դա կբխի նախարարության դիրքորոշումից ալկոհոլային արտադրությունը սեփականով փոխարինելու ուղղությամբ և զգալի աջակցություն կլինի ռուսական ձեռնարկությունների համար:

PanARMENIAN.net-ի հարցմանն ի պատասխան Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունից հավաստիացրել են, որ եթե նման որոշում ընդունվի, չի նշանակի, որ «Արարատ» կոնյակներն այլևս չեն արտահանվի Ռուսաստան, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանն անդամակցում են նույն առևտրատնտեսական միությանը, որի ձևաչափը տնտեսական բնույթի սահմանափակումներ չի նախատեսում:

Մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ ՌԴ-ում «Արարատ» կոնյակների միջին և մանրածախ վաճառքի հարցերը բացառապես պաշտոնական դիստրիբյուտոր «Պեռնո Ռիկար Ռուս» ընկերության իրավասությանն են պատկանում: Երևանի «Արարատ» կոնյակի-գինու- օղու կոմբինատից PanARMENIAN.Net-ին հայտնել են, որ ընկերությունը պետգնումների գծով Ռուսաստան կոնյակ չի արտահանում:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, ՌԴ գյուղնախարարությունը նախապատրաստել է կառավարության որոշման նախագիծ, որտեղ առաջարկվում է սահմանափակել ներմուծվող սննդամթերքի այն տեսակների պետական և մունիցիպալ գնումները, որոնք արտադրվում են նաև Ռուսաստանոմ: Առաջին հերթին, խոսքը ձկնեղենի, մսամթերքի և կաթնամթերքի մասին է: Ցուցակում ներառված են նաև բրիձը, աղն ու շաքարը:

Նախարարությունում կարծում են, որ դա թույլ կտա ընդլայնել հայրենական ապրանքների սպառման շուկան: Այժմ նախագիծը լրամշակվում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում: