21 նոյեմբերի 2015 - 15:19 AMT
Դեկտեմբերի 1-ին Չերնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կստանա. Ռուսաստանը` դեմ է

Չերնոգորիան դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կստանա դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, հայտնում է Die Welt-ը դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

Նշվում է, որ Ռուսաստանն, իր հերթին, նամակներ է հղել ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների` զգուշացնելով, որ եթե Չերնոգորիան անդամակցի դաշինքին, Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները կարող են վատթարանալ հայտնում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Պոդգորիցայում ընդդիմությունը ցույցի էր դուրս եկել` պահանջելով Միլո Ջուկանովիչի նախարարների կաբինետի հրաժարականը, անցումային կառավարության ձևավորում և դեմ են հադես եկել ՆԱՏՕ-ին անդամակցելուն:

Հայտնի է դարձել նաև, որ ՌԴ Պետդուման մտադիր է փաստաթուղթ ընդունել, որով կդիմի Չերնոգորիայի իշխանություններին` հորդորելով հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից:

Ավելի վաղ, անդրադառնալով դաշինքի և Մոսկվայի հարաբերություններին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն դիմակայություն չի ցանկանում Ռուսաստանի հետ, սակայն համագործակցությունը պետք է հիմնված լինի վստահության, միջազգային պարտավորություններն ու սահմանները հարգելու վրա»: Նա նշել է նաև, որ Ռուսաստանը չպետք է իրեն համարի Արևմուտքի ագրեսիվ գործողությունների զոհը: «Մենք բացառապես պաշտպանական նպատակներ ունենք»,-ասել է նա: