25 նոյեմբերի 2006 - 14:59 AMT
Եվրոպայում հայերի անվան տակ հարյուրավոր ադրբեջանցիներ են բնակվում
«Հոլանդիայում հարյուրավոր ադրբեջանցիրներ են բնակվում, որոնք այնտեղ քաղաքական ապաստան են ստացել հայերի անվան տակ»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Արտերկրում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքի գծով պետկոմիտեի ղեկավար Նազիմ Իբրահիմովը: Ըստ նրա, վերջերս նա եղել է Հոլանդիայում Բենիլյուքսի ադրբեջանցիների կոնգրեսի սահմանադիր ժողովի շրջանակներում: Այնտեղ նրան հնարավորություն է ընձեռվել տեսնել քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցիների, որոնք խղճուկ վիճակում են: Նրանցից շատերը թողել են իրենց տներն Ադրբեջանում եւ կեղծ փաստաթղթերով, ընդդիմադիրներ ձեւանալով, մեկնել են այդ երկիր, նշել է նա:

«Ամենացավալին այն է, որ որոշակի ուժեր ստիպում են այդ մարդկանց հերյուրանք տեղալ ադրբեջանական պետականության, ադրբեջանական իշխանությունների հասցեին»,-բողոքում էր Ն.Իբրահիմովը: Գտնվելով Հոլանդիայում, նա կոչ է արել ադրբեջանցիներին, որոնք ապաստան են գտել Եվրոպայում որպես ընդդիմադիրներ, վերադառնալ Ադրբեջան եւ ապրել նորմալ պայմաններում, գրում է «Զերկալո» թերթը: