Մովսես Հակոբյան. Ամառային զորակոչի պլան առաջադրանքը կատարվել է ամբողջությամբ

Մովսես Հակոբյան. Ամառային զորակոչի պլան առաջադրանքը կատարվել է ամբողջությամբ

PanARMENIAN.Net - ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված «ՀՀ-ում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն իր զեկույցում նշել է, որ 2015թ. ամառային զորակոչն իրականացվել է հուլիսի 1-31-ը, և այն անցկացվել է բարձր մակարդակով:

«Հաստատված կարգով զորակոչիկների ծնողներին, հասարակական կազմակերպությունների անդամներին ցանկության դեպքում թույլ է տրվել ներկա լինել վիճակահանության արարողությանը: Բոլոր մարզերում կազմակերպվեցին զորակոչիկների, նրանց ծնողների հետ զինվորականների հանդիպումներ, ներկայացվեց «Զինապարտության մասին» օրենք, իրազեկվեց նրանց իրավունքների ու պարտականությունների մասին»,-ասել է նա, հայտնում է A1plus.am-ը:

Ըստ Հակոբյանի՝ «Զինապարտության մասին և այլընտրանքային ծառայության մասին օրենքների համաձայն` զորակոչի պլան առաջադրանքը կատարվել է ամբողջությամբ՝ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 7 269 մարդ, այսինքն՝ պլանային առաջադրանքի 103.8 տոկոսը, իսկ այլընտրանքնային աշխատանքային ծառայության է ուղարկվել 26-ը:

«Եթե համեմատենք այլընտրանքային ծառայության գնացածների թիվը, ապա այն ավելացել է: 2013թ. գարնանային զորակոչի ժամանակ զորակոչվել է 9 426 մարդ՝ զորակոչի հիմնական ռեսուրսի 64.7 տոկոսը: 2014թ. ամառային զորակոչին գնացել է 8 217 մարդ` պլանային զորակոչի 68.48 տոկոսը, 2015թ. զորակոչվել է 7 269 մարդ կամ զորակոչային պլանի 70.1 տոկոսը: Այս տարվա ընթացքում զորակոչվել են տարկետումից ազատված 418, հաշվառումից դուրս մնացած` 108, նախկինում զորակոչից խուսափող 101, բուհերից հեռացված 32, այլ կատեգորիաներով 16 զորակոչիներ»,-ասել է Հակոբյանը:

Միաժամանակ Մովսես Հակոբյանը չի բացառել, որ երբեմն բանակ են զորակոչվում երիտասարդներ, որոնք հիվանդ են: «Սխալվելը բոլոր դեպքերում բացառված չէ: Այդ պարագայում կրկնակի բուժզննում է տարվում, եթե անհրաժեշտ է՝ բուժում են, եթե պիտանի չէ՝ զորացրում են բանակից»,- ասել է Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ոչ պիտանի երիտասարդներին բանակ զորակոչելու դեպքերին, հայտնում է Tert.am-ը:

Միաժամանակ նա նշել է, բարեբախտաբար այդ պարագայում մահացության դեպքեր չունենք, որովհետև բուժսպասարկման տեսանկյունից ամենից վերահսկելի է:

Անդրադառնալով զինծառայության ժամանակ հիվանդություններ ձեռք բերած քաղաքացիներին՝ Մովսես Հակոբյանը նշել է, թե ինչպես հասարակության մեջ, այնպես էլ բանակում՝ մարդիկ հիվանդանում են: Բայց հավաստիացրել է, որ բանակում բուժօգնությունն ավելի պատշաճ է իրականացվում:

«Միանշանակ, կարող եմ վստահեցնել, որ բուժսպասարկման վիճակը բանակում բավական բարձր մակարդակի վրա է: Ոչ մի տեղ նման բուժապահովում չկա, ինչպես բանակում: Մարդիկ կարող են հիվանդանալ: Մի հատ 10 կամ 15 տարվա հետ համեմատեք, տեսեք, որ նվազել է: Այնպիսի վիճակ է, որ հիվանդությունների պատճառով կորուստներ չունենք, բայց եթե զինվորը հիվանդանում է, բուժում ենք, նոր զորացրում բանակից»,- վստահեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---