7  27.11.15 - ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի մամուլի ասուլիսը

ԱԱԾ. Զինված խմբի թիրախում քաղաքացիներ ու պետգործիչներ էին

ԱԱԾ. Զինված խմբի թիրախում քաղաքացիներ ու պետգործիչներ էին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքով վնասազերծված խմբի թիրախում եղել են քաղաքացիներ, պետական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր: Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել:

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են:

«Վնասազերծվել է խումբ, որն ունեցել է հստակ նպատակներ, հստակ մշակված ծրագրեր: Նրանց կազմակերպված հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, իշխանության առանձին ճյուղերի, ու պետական մարմինների դեմ», - ասել է Համբարձումյանը՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով չմանրամասնելով այլ տվյալներ:

Նա նշել է, որ խումբը իր զինվածությամբ, անձնակազմի քանակով նմանատիպը չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Համբարձումյանը տեղեկացրել է, որ այս պահին ձերբակալված է 21 անձ:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի խոսքով՝ խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Գումարների աղբյուրներն այս պահին փորձում են պարզել:

«Գումարները տրվել են ՀՀ-ում, բայց դա պետք է պարզենք», - հավելել է ԱԱԾ պաշտոնյան, գրում է Panorama.am-ը:

Համբարձումյանը շեշտել է, որ վնասազերծված խումբը քաղաքական ուժերի հետ կապ չունի:

«Քաղաքական ուժերի հետ կապ այս պահին չենք տեսնում», - ասել է Համբարձումյանը:

Խմբի վնասազերծման մասին տեղեկության տարածումից հետո լրատվամիջոցներից մեկը տարածել է տեղեկություն, որ զինված խումբը կապ ունի Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ:

Համբարձումյանի խոսքով՝ խմբի անդամներին բաժանվել են հեռախոսահամարներ, որոնք գաղտնի են եղել, և նրանք կարողացել են խոսել միմյանց միջև: Նա հավելել է, որ հայտնաբերված զենքը խմբին չի բավարարել. միջոցներ են ձեռնարկել այլ աղբյուրներից զենքեր հայթայթելու ուղղությամբ, պատրաստ են եղել դրա համար բավական խոշոր գումարներ վճարելու:

ԱԱԾ պաշտոնյան ասել է նաև, որ իրենք տեղյակ են, որ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայի տարածքում: Պատասխանելով հարցին, թե արդյոք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ Վարդանյանի կապը տեսնո՞ւմ է նախաքննությունը, պաշտոնյան պատասխանել է. «Մեր համապատասխան խողովակներով աշխատանքներ կկատարվեն պարզելու, թե նա դրսում կոնկրետ ինչ գործունեությամբ է զբաղվել, ինչ կապեր ունի և արդյոք մեզ հայտնի կազմակերպությունները կապ և առնչություն ունե՞ն տվյալ դեպքի հետ, թե՞ ոչ»:

«Ես նույնիսկ կարող եմ զուգահեռներ անցկացնել Նաիրի Հունանյանի և նրա հանցավոր խմբի անդամների կողմից կատարվածի հետ: Եթե այն դեպքում գործ ունեինք թվով մի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քանի ինքնաձիգով, ապա դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար այս դեպքում, եթե խմբին հաջողվեր իրականացնել իր մտադրությունը: Այսինքն՝ գործադրվեին այդ զենքերը, պայթուցիկ նյութերը, նռնակները», - ասել էԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը:

Անդրադառնալով բնակարանի տանտիրոջը փոխհատուցման հարցին, Համբարձումյանն ասել է, որ վնասի չափը հաշվարկվելու է և քաղաքացու գումարի հատուցման հարցը լուծում է ստանալու համապատասխան ընթացակարգով, գրում է Tert.am-ը:

Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությանը, իրացնելով օպերատիվ տվյալները, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայում բնակվող և 2015-ի ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015-ի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր գործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացու, որից 5-ը՝ Երևանի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

Կարդացեք նաև՝ ԱԱԾ-ն հրապարակել է հանցագործներից առգրավված ռազմամթերքի ցանկը. Հանցախմբում 17 անդամ կար

ՀՀ նախագահն ԱԱԾ ու ոստիկանության պետին․ ՀՀ-ն պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---