Շարմազանով. ՀՀ-ն ողջունում է Պետդումայում շրջանառվող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Շարմազանով. ՀՀ-ն ողջունում է Պետդումայում շրջանառվող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 26-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Էդուարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական Սու-24 ինքնաթիռի խոցման կապակցությամբ և մասնավորապես նշել. «Խոցել ահաբեկչության դեմ պայքարող ռազմական օդանավը՝ նշանակում է աջակցել ահաբեկիչներին: Նախորդ տարի Թուրքիայի փոքր եղբայր համարվող Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հրամանով հայկական ուղղաթիռի խոցումը հավանաբար Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ տպավորություն է ստեղծել, թե կարող են նման ծանրագույն հանցանքներն անպատիժ մնալ: Ինչպես գիտենք, աշխարհը փոխվում է, ձևավորվում են քաղաքական նոր մոտեցումներ, նոր իրավիճակներ, և այդ ընթացքում Հայաստանն ապացուցել է, որ Ռուսաստանի դաշնակիցն է, որ ռուս ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է: Իսկ Թուրքիան, ցավոք, վերջին 100 տարում այդպես էլ չի փոխվել»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով բազմակողմ համագործակցության մասին՝ պարոն Շարմազանովը հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովն անընդունելի է համարում խորհրդարանականների նկատմամբ որևէ պատժամիջոցի կիրառումը. այն որևէ կերպ չի կարող տեղավորվել «պառլամենտ» եզրույթում: Էդուարդ Շարմազանովը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Հայաստանը ողջունում է վերջին օրերին Դումայում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենքի նախագծի ընդունումը, քանի որ, ինչպես նշել է նա, անցյալի ոճիրներին համարժեք գնահատական չտալը ծնում է նոր ոճիրներ, այդ թվում՝ ահաբեկչական գործողություններ, որոնց ականատեսն ենք այժմ:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ միջազգային հարթակներում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար: Նա ընդգծել է, որ անցյալի մեղքերը, ոճիրներն ու հանցանքները պետք է դատապարտվեն ըստ արժանվույն, ինչը հնարավորություն կտա խուսափելու նման հանցանքների կրկնությունից: Ինչ վերաբերում է Թուրքիային, Սերգեյ Նարիշկինն իր խոսքում մասնավորապես նշել է. «Թուրքիան մեզ հարվածել է թիկունքից, ինչը հարիր է բացառապես վախկոտներին: Անշուշտ, կատարվածում մեղավոր է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը: Իսկ այդ ծանրագույն հանցագործության համար Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է»:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել 2016թ-ին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը Երևանում անցկացնելու հայկական կողմի առաջարկի համար: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵՏՄ շրջանակում հետագա աշխատանքներին և վերահաստատել համատեղ աշխատանքի կարևորությունը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Պետական դումայում Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել: Օրինագծի համահեղինակներն են Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչևը:

ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին: Ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագծի ներկայացումը տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին:

Ըստ օրինագծի, Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ կատարված ոճիրն արդարացնելու համար առաջարկվում է տուգանք մինչև 300 հազար ռուբլի կամ աշխատավարձի չափով մինչև 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: Եթե դա արվել է ԶԼՄ-ների միջոցով, ապա տուգանքի վերին շեմն առաջարկվում է սահմանել 500 հազար ռուբլու չափով: Ազատազրկումն այդ դեպքում կսահմանվի մինչև 5 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---