Euractiv. Փախստականներին ընդունելով Հայաստանը ցույց է տվել՝ եվրոպական արժեքները կիսող պետություն է

Euractiv. Փախստականներին ընդունելով  Հայաստանը ցույց է տվել՝ եվրոպական արժեքները  կիսող պետություն է

PanARMENIAN.Net - Հայաստանը փոքր և, ի տարբերություն Եվրոպայի, համեմատաբար աղքատ երկիր է, սակայն ողջունել է փախստականների մուտքը երկիր՝ օգնություն տրամադրելով բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այս մասին Euractiv պարբերականում հրապարակած հոդվածում գրել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան:

«Հայաստանը ցույց է տալիս Եվրոպային, թե ինչպես է պետք ընդունել փախստականներին» խորագիրը կրող հոդվածում Օչոան նշել է, որ սիրիական հակամարտության ամենասկզբից Հայաստան են ժամանել 17 հազար սիրիացի:

Չնայած նրանց զգալի մասը սիրիահայեր էին, այդուհանդերձ, եկածների շարքում կային նաև ասորիներ ու եզդիներ, որոնց համար ևս Հայաստանը տուն դարձավ:

«Եվրոպայում Հայաստանը երրորդ երկիրն է ընդունած սիրիացի փախստականների թվով»,- նշում է հեղինակը, գրում է Panorama.am-ը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանից մեծ ջանքեր պահանջվեցին դա անելու համար, քանի որ ի տարբերություն Լիբանանի, Թուրքիայի կամ Հորդանանի՝ Հայաստանը Եվրամիությունից որևէ զգալի ֆինանսական աջակցություն չստացավ փախստականներին ընդունելու համար: Չնայած դրան, ՀՀ սփյուռքի նախարարությունը հրապարակայնորեն հայտարարեց, որ «եթե փախստականները որոշել են գալ Հայաստան, ապա մենք միջազգային կառույցների և հայկական կազմակերպությունների հետ միասին պետք է անենք առավելագույնը նրանց ընդունելու համար»:

«Նրանցից շատերը հասնելով Հայաստան կարող էին դիմել քաղաքացիություն ստանալու, կեցության համար կամ էլ պահանջել արագացված կերպով ապաստանի տրամադրում: Փախստականների լեզվական արգելքները հաղթահարելու համար կազմակերպվեցին անվճար լեզվի դասեր, նրանցից շատերը ապաստան գտան հայկական ընտանիքներում: Մոտ 6.000 նորեկ 2014 -ին ստացան անվճար իրավաբանական խորհրդատվություն: Մոտ 245 նոր ձեռնարկություն հիմնվեցին Սիրիայից ժամանած միգրանտների կողմից»,- գրում է Օչոան:

Ըստ հեղինակի՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ¬ի կազմակերպած կոտորածները հայերին հիշեցրին իրենց սեփական պատմությունը: Շատ սիրիացիներ, ովքեր եկան Հայաստան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն էին, և շատ հայեր նրանց անվտանգ ապաստանով ապահովելու բարոյական պատասխանատվություն զգացին: Սա նաև բացատրում է այն հանգամանքը, թե ինչու եզդիներին, ովքեր իրենց հայրենի հողում ոչնչացման են ենթարկվում, այստեղ գրկաբաց են ընդունում:

Հոդվածագիրը նշում է, որ այս տարիներին փախստականների նկատմամբ դրսևորած դիրքորոշմամբ Հայաստանը ցույց տվեց, որ եվրոպական արժեքներն անկեղծորեն կիսող պետություն է: Դրա ապացույցներից է նաև այն, թե ինչպես հայերը Փարիզի ահաբեկչությունից անմիջապես հետո հավաքվեցին սգալու զոհերի հիշատակն ու դատապարտելով կատարվածը: Նրանց թվում էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնակցեց Ֆրանսիայի դեսպանատան առաջ իրականացվող մոմավառությանը:

Շառլ Ազնավուրը, ում ծնողները Հայոց ցեղասպանությունից հետո գաղթել էին Եվրոպա, ասել է, որ «միշտ կկանգնի նրանց կողքին, ովքեր թակում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր փակում են դրանք»:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---