8 դեկտեմբերի 2015 - 11:18 AMT
ԶԼՄ-ներ. Թուրքիան հայտարարել է՝ զինծառայողներին Իրաքից դուրս չի բերի

Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ դուրս չեն բերի անցած շաբաթ Իրաքի հյուսիս գործուղած զինծառայողներին` անտեսելով Բաղդադի պահանջը, հայտնում է ՏԱՍՍ-ը AFP-ին հղումով:

«Մենք ակնկալում ենք, որ նրանք կմնան: Դա կախված է բանակցություններից, սակայն, ակնհայտ է, որ մեր ուժերը մնալու են, դատելով ըստ նրա, թե ինչ են հայտնում մեր սպաները, դատելով մեր քննարկումներից կենտրոնական կառավարության և Իրաքյան Քրդստանի կառավարության հետ»,-մեջբերում է գործակալությունը թուրք պաշտոնական աղբյուրի խոսքերը:

Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ: Ավելի ուշ Reuters գործակալությունը ԱՄՆ ՊՆ-ում սեփական աղբյուրների վրա հղումով հայտարարեց, որ Թուրքիայի նախաձեռնությունը կապ չունի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունների հետ, սակայն կոալիցիան զգուշացվել էր այն մասին, որ Թուրքիան զինուժ է ուղարկում այդ տարածք:

Նույն օրն Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը պահանջել է անհապաղ դուրս բերել թուրքական ստորաբաժանումներն Իրաքի տարածքից` որակելով դա որպես «միջազգային նորմերի և իրավունքների խախտում»: Նա 48 ժամ է տվել ստորաբաժանումները դուրս բերելու համար` զգուշացնելով, որ հակառակ դեպքում կդիմի ՄԱԿ ԱԽ:

Իրաքն իրեն իրավունք է վերապահում դիմել բոլոր հնարավոր միջոցներին, ներառյալ դիմելը ՄԱԿ Անվտանգության խորհրդին, եթե թուրքական զորքերը չլքեն երկրի տարածքը 48 ժամվա ընթացքում: Այսպիսի հայտարարություն է արել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին: