Դեկտեմբերի 8-ին Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի փակ նիստում կբարձրացնի Իրաքի հյուսիսում առանց Բաղդադի համաձայնության Թուրքիայի կողմից զորակազմի տեղակայման հարցը: Այդ մասին ՏԱՍՍ-ին է հայտնել դիվանագիտական աղբյուրը:
Ըստ աղբյուրի, ՄԱԿ ԱԽ առանձին նիստ չի հրավիրվելու: «Հարցը կբարձրացվի փակ նիստում «այլ հարցեր» բաժնում»,-պարզաբանել է նա: Աղբյուրը հավելել է նաև, որ ավարտին խորհրդակցություններ չեն սպասվում, հայտնում է Lenta.ru-ն:
Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ: Ավելի ուշ Reuters գործակալությունը ԱՄՆ ՊՆ-ում սեփական աղբյուրների վրա հղումով հայտարարեց, որ Թուրքիայի նախաձեռնությունը կապ չունի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունների հետ, սակայն կոալիցիան զգուշացվել էր այն մասին, որ Թուրքիան զինուժ է ուղարկում այդ տարածք:
Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը պահանջել է անհապաղ դուրս բերել թուրքական ստորաբաժանումներն Իրաքի տարածքից` որակելով դա որպես «միջազգային նորմերի և իրավունքների խախտում»: Նա 48 ժամ է տվել ստորաբաժանումները դուրս բերելու համար` զգուշացնելով, որ հակառակ դեպքում կդիմի ՄԱԿ ԱԽ:
Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ դուրս չեն բերելու զինծառայողներին Իրաքի հյուսիսից: