Brent տեսակի նավթի ֆյուչերսները 2016-ի հունվարի համար ICE բորսայում նվազել են մինչև $36,62 մեկ բարելի դիմաց, ինչը 3,4% ցածր է նախորդ սակարկությունների փակման գնից: Վերջին անգամ Brent տեսակի նավթի գինը $37 էժան է եղել 2008-ի դեկտեմբերի 26-ին:
Դրա համեմատ գրեթե 3% նվազել է փետրվարի ֆյուչերսների արժեքը` ICE բորսայում գինը կազմել է մինչև $37,08 մեկ բարելի դիմաց:
Նավթի գնանկումը կրկին հանգեցրել է ռուբլու թուլացման: Մոսկովյան բորսայում սակարկությունների արդյունքում դոլարի փոխարժեքը հասել է 70,88 ռուբլու, հայտնում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ 2016-ի առանձին շրջաններում մեկ բարել նավթի գինը կարող է նվազել էմինչև 30 դոլար, գուցե և ավելի ցածր:
ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինն իր հերթին նշել էր, որ նավթի գների նվազումը մինչև $35 դոլար մեկ բարելի դիմաց ՀՆԱ նոր նվազումով է սպառնում: «$40 ցածր գինն արդեն բավականին լարված է մեզ համար, եթե գինը լինի $35 ցածր, ՌԴ ՀՆԱ նվազում կարող է արձանագրվել»,-ասել է նա:
Ըստ վերլուծաբանների, նավթի առաջարկի ավելցուկն աշխարհում շարունակում է ճնշել նավթի ցուցանիշները: Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից: