Հունվարին ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղին նվիրված դռնփակ քննարկում կկայանա

Հունվարին ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղին նվիրված դռնփակ քննարկում կկայանա

PanARMENIAN.Net - 2016-ի հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում է կազմակերպելու: Կոնգրեսում կայանալիք քննարկմանը հրավիրված է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս մասին տեղեկացրել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը:

«Հաջորդ շաբաթներին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ դռների հետևում հարցեր պիտի տա ԵԱՀԿ ՄԽ դեսպան Ուորլիքին», - ասում է Չուլջյանը:

Ավելի վաղ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Պետքարտուղարություն նամակ էր ուղղել Միացյալ Նահանգների ազդեցիկ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, որին միացել էր ևս 85 կոնգրեսական:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը կոնգրեսական Ռոյսին ուղղված նամակով աջակցություն է հայտնել զինադադարի պահպանման նոր միջոցներին:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը ողջունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։

«Միացյալ Նահանգները կողմ է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներին: Հրադադարի ռեժիմը խախտողներին պարզելը շատ դժվար է, քանի որ կրակի արձակման ելակետը ֆիքսող համակարգերը բացակայում են շփման գծում: Ուստի՝ համանախագաների համար դժվար է որևէ կողմի մեղադրանք ներկայացնել ուժի կիրառման համար»:

Ադրբեջանական կողմը պահանջում է շփման գծում նոր սարքավորումներ տեղադրելուց առաջ վերջնական համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Պաշտոնական Բաքվի կարծիքով, հայկական կողմը պետք է «ազատի գրավյալ տարածքները»:

Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը՝ Արտաքին քաղաքականության հետազոտությունների հաստատության վերլուծաբան Մայքլ Սեսիրին նշում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը փոխել է իրավիճակը նաև տարածաշրջանում:

«Եթե նախկինում պարզ էր, թե ով ում դաշնակիցն է, ապա այժմ Ադրբեջանն ու նրա դաշնակիցներն այլ ուղղությամբ են ընթանում, և դրանց ռազմավարական շահերը աշխարհաքաղաքական հակասությունների մեջ են», - նշում է վերլուծաբանը:

Այսպիսով, վերլուծաբանի կարծիքով, Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է, սակայն իրականում Անկարայի շահերն այս իրավիճակում ավելի շատ տեղավորվում են Ռուսաստանի և Իրանի շահերի մեջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---