17 դեկտեմբերի 2015 - 17:17 AMT
Ռուսաստանում «հայերին կոտորելու» կոչ անող չեչենը դատարանի առջև կկանգնի

ՌԴ Ռոստովի շրջանում Ալիկ Իբրահիմովի դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել է շրջանային դատարան` ազգային հատկանիշով թշնամանքի դրդելու մեղադրանքով:

Իբրահիմովը մեղադրվում է 2015-ի օգոստոսին հանրահավաքում արած կոչերի համար:

«Ըստ քննության, մեղադրյալը, լինելով հասարակական վայրում Ռոստովի շրջանի Ցելինա բնակավայրում, մեծ քանակությամբ մարդկանց ներկայությամբ հրապարակավ ատելություն սերմանող հայտարարություններ է թույլ տվել ազգային հատկանիշով միավորված մի խումբ անձանց (հայերի) դեմ` համոզելով ներկաներին բռնի գործողություններ կատարել ազգությամբ հայ բնակիչների հանդեպ, ագրեսիվ վարքագծի կարծրատիպ ձևավորելով ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ»,-ասվում է Քննչական կոմիտեի Ռոստովի շրջանի վարչության պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Քննության ընթացքում ազգությամբ չեչեն Ալիկ Իբրահիմովը զղջացել է արարքը, արտասվել և ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Հնարավոր է, այս հանգամանքը թույլ տա նրան խուսափել մինչև 4 տարի ազատազրկումից և միայն տուգանք մուծել` 100-300.000 ռուբլի»,-գրում է Ruffnews.ru-ն: