Պոլսահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն բողոքարկել է 24 պետական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու Թուրքիայի դատախազության որոշումը։ բողոքարկման դիմումը ներկայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազություն։
Նշենք, որ Թուրքիայի դատախազությունը «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործում պաշտոնի չարաշահման մեջ մեղադրվող 43 պետական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում էր կայացրել, թուրքական Milliyet թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Այս 24 պետական ծառայողների շարքում են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ծառայակից Օզել Յըլմազը և Էրգուն Գյունգյորը, որը պոլսահայ լրագրողի սպանության ժամանակ եղել է Ստամբուլի նահանգապետի օգնականը։ Ըստ Դինք ընտանիքի փաստաբանի՝ Յըլմազը պատասխանտու է Դինքի սպանությունը չկանխելու, իսկ Գյունգորը, ինչպես նաև այդ շրջանում Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերը պատասխանատու են Դինքի անվտանգությունը չապահովելու համար։
2015-ի դեկտեմբերի 10-ին հայտնի է դարձել, որ պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրական նոր եզրակացությունն ուղարկվել է դատարան։
Փաստաթղթում նշվում է, որ Դինքի սպանության ամեն մանրուքի մասին պատկան մարմինները տեղյակ են եղել, սակայն կանխելու համար ոչինչ չեն արել:
Համապատասխան մարմինները տեղյալ են եղել, որ Դինքի դեմ մահափորձ է նախապատրաստվում, այն պատրաստող խմբավորման ղեկավարների ու անդամների մասին տեղեկություններ են ունեցել, տեղյակ են եղել անգամ, որ հավանական մարդասպանի անունը Օգյուն է, սակայն չեն կանխել հանցագործությունը։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ պետական ծառայողներից շատերի պարտականությունն է եղել կանխել հանցագործությունը, պարտավոր են եղել պաշտպանել Դինքի անձը, սակայն աջակցել են հանցավոր զինյալ խմբավորմանը և անգամ գաղտնի զեկույցներ ու փաստաթղթեր են ոչնչացրել։
Քաղաքացիական հագուստով թուրք ոստիկանները մինչև հանցագործության պահը հետևել են Դինքին սպանած Օգյուն Սամասթին։
Դեկտեմբերի 10-ին հայտնի է դարձել նաև, որ Հրանտ Դինքի սպանության գործով դատարանի առաջ կկանգնի թուրքական ոստիկանության 26 նախկին սպա:
2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:
Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո: