ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով հունվարի 11-ին ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։
Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են։
Նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետները ևս լայնածավալ ուսումնասիրություններ են կատարում։
Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և այլ նյութերով:
Նախարարությունը հիշեցնում է, որ ուշացման, ինչպես նաև ինքնաբուժման դեպքերում կարող են առաջանալ առողջությանը սպառնացող խնդիրներ։
Ըստ նախարարության՝ հունվարի 9-ի դրությամբ H1N1 վիրուսից (խոզի գրիպից) մահացած բոլոր 3 ՀՀ քաղաքացու մոտ եղել են բարդացած դեպքեր կամ ուշ են դիմել բժիշկներին, կամ վիրուսը համակցված է եղել տուժածների ներքին այլ հիվանդությունների հետ, գրում է Tert.am-ը:
Հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցված սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպքերից 219-ը եղել են թոքաբորբ:
Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ: