Ավետիսյանների սպանության գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին:
Այս մասին տուժող կողմը դատական միջնորդություն էր ներկայացրել հունվարի 18-ի նիստի ժամանակ: Դատարանը բավարարել է միջնորդությունը, գրում է Haynews.am-ը:
Հունվարի 18-ին անցկացվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երկրորդ արտագնա դատական նիստը։
Նիստի մեկնարկից առաջ, երբ դատարան է բերվել ամբաստանյալ Վալերի Պերմյակովին, Ավետիսյաների հարազատներից մեկը վրդովվել է: Տեսնելով Պերմյակովին կինը սկսել է գոռալ, պահանջել, որ դատավարության ժամանակ մեղադրյալը ոտքի լինի, գրում է Tert.am-ը:
Պերմյակովի դատավարության սկզբում Ավետիսյանների հարազատների շահերի ներկայացուցիչները միջնորդել են դատավոր Հարություն Մովսեսյանին՝ դատական նիստն անցկացնել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում:
«Նախորդ դատական նիստը ցույց տվեց, որ դատական նիստին պատշաճ պայմաններ չեն ապահովվում պաշտպանների համար՝ աշխատելու, ինչպես նաև դատավարության մասնակցել ցանկացող քաղաքացիների համար:
Պերմյակովը նաև հնարավորություն չունի պատշաճ խորհրդակցել իր պաշտպանների հետ, նախորդ դատական նիստին նրա պատասխանները լսելի չէին մեզ համար, ինչը Եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում է: ՌԴ ռազմաբազայում դատաքննություն անցկացնելով՝ դատարանը նպաստում է ոչ արդյունավետ քննության անցկացմանը. Պերմյակովը կաշկանդված է ռազմաբազայի տարածքում իրականությանը համապատասխանող ցուցմունքներ տալ», - նշել է միջնորդը, գրում է «Ա1+»-ը:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի ապահովել բավարար պայմաններ՝ նորմալ շենքում նիստն անցկացնելու:
«Այդ դեպքում Պերմյակովը հնարավորություն կունենա նորմալ ցուցմունքներ տալ: Ձեր որոշումը՝ այստեղ նիստ անցկացնել՝ գնահատում ենք արհամարհանք ՀՀ արդարադատության համակարգին: Միջնորդում ենք գործի քննությունն անցկացնել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում»,- հայտարարել է միջնորդը: Կողմերը միացել են միջնորդությանը:
Փաստաբան Լուսինե Սահակյանը նկատել է, որ լրագրողների համար ևս այս դահլիճում բարենպաստ պայմաններ ստեղծված չեն: Մյուս փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս նկատել է, որ իրավական որևէ հիմնավորում չկա, որ արտագնա նիստ անցկացնելու որոշում է կայացվում:
«Բացի այդ, մեկ հարց է ինձ հետաքրքրում` ինչո՞ւ պետք է ՀՀ-ն հավելյալ ծախսեր կատարի, որ դատավարությունն անցկացվի ռուսական ռազմաբազայում: Մենք արդեն երկրորդ անգամ է, տեսնում ենք, որ դատական դեպարտամենտը մեծ կազմով ու փաստաթղթերով գալիս է հասնում այստեղ ու հարց է առաջանում` ինչու», - ասել է Վարոսյանը, գրում է Panorama.am-ը:
Ամբաստանյալ Պերմյակովին ևս հարցրել են՝ ինչ կարծիք ունի դատարանի տեղափոխության հարցի վերաբերյալ, ինչին մեղադրյալը արձագանքել է. «Ինձ համար ոչ մի տարբերություն»:
Դատավոր Հարություն Մովսեսյանը կողմերին լսելուց հետո կես ժամով անցել է խորհրդակցական սենյակ:
Ավելի ուշ, դատավորը մերժել է Ավետիսյանների սպանության գործով դատը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենք տեղափոխելու՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցչի միջնորդությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի ուշ՝ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները գործով մեկ այլ միջնորդություն են ներկայացրել՝ դատավորին և դատախազին ինքնաբացարկ անելու պահանջով:
Ինչպես նիստի ժամանակ հայտարարել է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, գործով դատավորն անկողմնակալ չէ, ուստի չի կարող շարունակել վարել նիստը:
«Դուք անկողմնակալ լինել չեք կարող: Այնպիսի խախտումներ եք թույլ տալիս, որոնք անթույլատրելի են: Դա չի նշանակում, որ դուք քաջատեղյակ չեք օրենսգրքին, ոչ՝ ծանոթ եք, բայց չեք ղեկավարվում դրանով, ինչը դիտարկում եմ պաշտպանվածություն: Այն որոշումները, որոնք կայացնում եք անկախ և անկողմնակալ չեն կարող լինել: Այլ բան չի մնում ենթադրել»,- հայտարարել է Սահակյանը:
Միջնորդությանը միացել են Ավետիսյանների գործով բոլոր իրավահաջորդներն ու իրավահաջորդների ներկայացուցիչները:
Ամբաստանյալ Վալերի Պերմյակովն էլ այս առնչությամբ ասել է. «Չեմ առարկում»: Դատավորին հավանաբար զարմացրել է մեղադրյալի պատասխանը, ուստի վերջինս Պերմյակովի թարգմանչին հարցրել է. «Հասկացե՞լ է՝ ինչումն է հարցը, բացատրե՞լ եք, թարգմանել եք»:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Նիստը շարունակվել է մեկ ժամ անց, որի սկզբում դատարանը մերժել է դատավորի ինքնաբացարկի պահանջը:
Դատարանը հայտարարել է, որ քրեադատավարական օրենքի որևէ խախտում թույլ չի տվել, կաշկանդված չէ, չի ղեկավարվում այլ անձանցով:
Դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Գումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Արտագնա դատական նիստը վարում էր մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը:
Նիստը տեղի էր ունենում ՌԴ 102-րդ ռազմակայանի թիվ 04436 զորամասում:
Նիստում դատավոր Հարություն Մովսեսյանը մերժել է Ավետիսյանների իրավահաջորդներից մեկի ներկայացուցիչի միջնորդությունը` ռուս զինծառայողներին ՀՀ դատարանի նիստերի դահլիճից հեռացնելու մասին: Դատավորը մերժման մասին որոշումը հիմնավորել է նրանով, որ ռուս զինծառայողներն իրականացնում են Պերմյակովի պաշտպանությունը: Միջնորդությանը միացել էին նաև մյուս ներկայացուցիչ-փաստաբանները: «Անվտանգության խնդիր չկա, քանի որ ՀՀ ոստիկանները անվտանգությունը պաշտպանությունն իրականացնում է», -պնդելով միջնորդությունը, հայտարարել էր փաստաբան Լուսինե Սահակյանը:
Մեղադրող դատախազները առարկեցին ներկայացված միջնորդությանը:
Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ Վալերի Պերմյակովը արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում: