Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հայի գործով ՀՀ օմբուդսմենի միջամտությունը ազդեցություն է ունեցել![]() 19 հունվարի 2016 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի Դիզակի շրջանի դատարանում հունվարի 19-ին շարունակվել է 33-ամյա Արամայիս Ավագյանի գործով դատավարությունը: Իր չորս ընկերի հետ հայազգի երիտասարդը մեղադրվում է «կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու», «սահմանադրական կարգը տապալելու», նաև՝ «գողության» մեջ: Երկու անչափահաս երեխայի հայր Արամայիսի հարազատները պնդում են, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել են իր և Ուզբեկստանի Դիզակի շրջանի վարչական ղեկավարի միջև առկա հակասությունների պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը: Ըստ Արամայիսի մոր պնդումների, Դիզակի վարչական շրջանի ղեկավարը փորձել է խլել որդու ձկնաբուծարանը, սակայն դիմակայությունից հետո Արամայիսին առևանգել են, բռնություններ գործադրել, ոտքը կոտրել, ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը նրան ներկայացրել է ծանրագույն մեղադրանքներ: Ի դեպ, իրավապահ առաքելություն ունեցող մարմիններն իբրև Ավագյանի՝ ծայրահեղականության մեջ ընդգրկված լինելու «վառ ապացույց» վկայակոչում են ձերբակալվելու պահին պապի և կրտսեր եղբոր մահվան կապակցությամբ ըստ հայկական ավանդույթի մորուք պահելու հանգամանքը: Կա Արամայիսի գերդաստանի տղամարդկանց լուսանկարը՝ արված նրա կրտսեր եղբոր քառասունքին: Ավագյանի մո՝ 36 տարի առաջ Հայաստանից հեռացած Ֆլորա Սաքունցի փոխանցմամբ, հունվարի 19-ին դատական նիստի ժամանակ ցուցմունք է տվել Դիզակում ձկնաբուծարանի տարածքի պահակը և հայտնել տեղեկություններ Արամայիսի և Դիզակի վարչական շրջանի ղեկավարի հարաբերությունների մասին: Ուզբեկստանում վարչական շրջանի ղեկավարին անվանում են «խակիմ»: «Այդ պահակը ցուցմունք տվեց, որ խակիմի կողմից եկել են, ասել, որ էդտեղ քանդեցեք, ուրիշ ձև սիրուն սարքեք, որ մարդիկ գան հանգստանան: Հետո խակիմը մարդկանց ուղարկել ա, եկել, երեխու հետևից ա ընգել, ուզել, թե բռնի, ծեծի: Էդ տղեն ասում ա՝ ես փախել եմ, գնացել, երկու օր աշխատանքի չեմ եկել», պատմել է Ֆլորա Սաքունցը: Ըստ նրա՝ Դիզակի վարչական շրջանի ղեկավարը Արամայիսի կնոջը հրավիրել է հանդիպման: Ավագյանի կինը՝ ազգությամբ ուզբեկ Շիրին Տուրսունովան հաստատել է տեղեկությունը, որ Դիզակի վարչական շրջանի ղեկավար Գաֆուր Կարշիբաևը իրեն հրավիրել է հանդիպման: Շիրինի փոխանցմամբ՝ հանդիպմանը գնացել է իր քույրը: «Մի՛ վախեցեք, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ նորմալ է, Մայիսը ճիշտ է․․․», - Շիրին Տուրսունովայի վկայությամբ՝ իրեն քրոջ միջոցով այս բառերն է փոխանցել Դիզակի վարչական շրջանի ղեկավարը: Մինչդեռ, անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը տեղեկացրել էր, որ Կարշիբաևը իսպառ հերքել է իր առնչությունը հայազգի երիտասարդի դեմ ծանր մեղադրանք ներկայացնելու գործին: Հունվարի 19-ի դատական նիստի ժամանակ ցուցմունք են տվել վկաներ, որոնք, Արամայիսի մոր պնդմամբ, չեն հաստատել Ավագյանի հարևանի ավելի վաղ՝ նախաքննության ժամանակ տված մեղադրական ցուցմունքները, որոնց հիմքով կազմել են քրեական գործը: Ավագյանի կինը՝ Շիրինը կարծում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրությունը Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանին ազդեցություն է ունեցել: Ինչպես Ֆլորա Սաքունցը, այնպես էլ Շիրին Տուրսունովան նշում են՝ վերջին դատական նիստերին Արամայիսի հետ զրույցներից տպավորություն ունեն, որ Կարեն Անդրեասյանի նամակից հետո բանտում դադարեցրել են ահաբեկումները Արամայիսի նկատմամբ: Տուրսունովան «Ազատության հարցին» միևնույն ժամանակ ասել է, որ մեկուսարանում դեռ արգելում են տեսակցությունները, նաև հրաժարվում են Արամայիս Ավագյանին փոխանցել ընտանիքի տրամադրած հագուստը: Ավագյանի մայրը հունվարի 6-ին դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ նշելով, որ որդուն խոշտանգում են մեկուսարանում՝ ծանր մեղադրանքների կապակցությամբ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել է Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպան Ուլուկբեկ Մուհամադիևին: Հրաժարական տալուց առաջ Ուզբեկստանի օմբուդսմենին հղած նամակում Անդրեասյանը գրել է, որ իրեն է դիմել մեր հայրենակիցը: «Հիմնվելով մարդու իրավունքների ինստիտուտների կամավորական և փոխօգնության սկզբունքի վրա, խնդրում եմ, հնարավորությունների դեպքում, Ձեր համագործակցությունը Ա. Ավագյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ վերջինիս նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու վերաբերյալ»,- գրել է Անդրեասյանը: Կարդացեք նաև՝ Ուզբեկստանում ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ մեղադրվող հայը չի ընդունում մեղադրանքները ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |