20 հունվարի 2016 - 12:18 AMT
Երեխայի ծննդյան նպաստն անկանխիկ եղանակով կվճարվի

ՀՀ կառավարության հունվարի 20-ի նիստում հաստատվել է«Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը:

Համաձայն հաստատված կարգի՝ մայրության նպաստը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով` շահառուի ընտրությամբ: Իսկ ներկայացված նախագծով առաջարկվում էր սահմանել, որ մայրության նպաստը վճարվի բացառապես անկանխիկ եղանակով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ որոշումն ուղղված է պետական բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացմանը, գրում է Haynews.am-ը:

Նախարարը նաև նշել է, որիրավական ակտի ընդունման դեպքում կբացառվեն նշված գումարները շահառուին տրամադրելու փոխհարաբերություններում կոռուպցիոն ռիսկերը:

«Հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում բժշկական ապահովագրության ուղղությամբ ծախսերի շեշտակի աճ է գրանցվել՝ 200 մլն դրամի չափով: Սա բնականաբար մտահոգիչ էր: Եվ նախարարությունը, և վարչապետի վերահսկողական ծառայությունը իրականացրեցին ուսումնասիրություններ, և այստեղ մենք արձանագրեցինք որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Կային տվյալներ, որ կանխիկացման որոշակի մեխանիզմ է գործում: Այս որոշմամբ 2016-ի հունվարից սկսած յուրաքանչյուր ամսվա համար քաղաքացիները կարող են ուղակի տնօրինել25 հազար դրամ չափով գումարները և այլ գործարքների չգնալ: Մենք սրանով կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղված քայլ ենք իրականացնում», - ասել է Ասատրյանը:

Լրագրողների հարցին, արդյոք՞ արձանագրվել են կոռուպցիոն կոնկրետ դեպքեր, նախարարը պատասխանել է, որ ուսումնասիրությունները այդ ուղղությամբ շարունակվում են, և իրավախախտման բնույթ ունեցող խախտումները համապատասխան ընթացք կստանան, գրում է Yerkir.am-ը:

Գործող օրենսդրության համաձայն՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 միլիոն և հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,5 միլիոն դրամ: Գումարները՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ հիսուն հազար դրամները, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան 500 հազար դրամը կանխիկ է վճարվում, իսկ դրամագլխի համար հաշիվ է բացվում:

Ասատրյանի տեղեկացմամբ` նպաստների համար նախատեսված 4 միլիարդ դրամից անկանխիկ վճարման անցնելու դեպքում մոտ 40 միլիոն դրամ կխնայվի, ընթացակարգերը կպարզեցվեն:

Նիստի ընթացքում Ասատրյանն ասել է նաև, որ 2016-ի ընթացքում 13.500 ընտանիք իրավունք կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ 25 հազար դրամի չափով:

Ըստ նախարարի՝ այդ ընթացակարգը տալիս է հնարավորություն, որպեսզի քաղաքացին կարողանա ամսական 25 հազար դրամ կանխիկ ստանալ, եթե կա դրա անհրաժեշտությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին հայտնել է, որ 2016-ից առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին. շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, ծախսը՝ 3,9 միլիարդ դրամ:

«Այստեղ ծրագրերի հստակ տրամաբանություն կա. մենք ունենք նախածննդյան, հետծննդյան արձակուրդ աշխատող մայրերի համար, և դրա շրջանակում վճարվում է հղիության և ծննդաբերության նպաստ: Փաստորեն ներմուծեցինք նպաստ չաշխատող մայրերի համար, նախատեսեցինք, որ նույն ժամանակահատվածի համար չաշխատող մայրերը, ունենալով ծննդօգնության հավաստագիրը, նաև կունենան այդ գումարի ստացման իրավունք, որը 2016-ի հունվարից կկազմի մոտ 126.600 դրամ», - ասել է նախարարը և նշել, որ բոլոր ապագա մայրերն ունենում են հստակ ֆինանսական աջակցություն պետության կողմից:

2014-ի սեպտեմբերի 25-ի նիստում Կառավարությունը հավանություն էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (2 տարվա փոխարեն), ինչպես նաև կրճատել հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը 2014-ի խնդրահարույց կետեր պարունակող բարդ նախաձեռնություններից մեկն էր:

Քաղաքացիների բարձրացրած աղմուկից ու ցույցերից հետո Կառավարությունը զիջումների գնաց. «Հանրապետական» խմբակցությունը նոյեմբերի 4-ի փակ նիստից հետո, որին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով: Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակն ու կից ներկայացված օրենքների փաթեթը: