Իրանը մտադիր է ընդլայնել հարաբերությունները ՌԴ և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ պատժամիջոցների չեղարկումից հետո: Հունվարի 19-ին այդպիսի հայտարարություն է արել Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ծրագրման գծով գլխավոր տնօրեն Մինա Մեհրնուշը:
Իրանական պատվիրակությունը Մոսկվա է ժամանել հունվարի 18-ին, որի կազմում են երկրի գյուղոլորտը ներկայացնող մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներ:
«Մենք շատ ուրախ ենք ներկա գտնվել Ռուսաստանում մեր երկրի համար այս նշանակալի օրերին և առաջին քայլերը ձեռնարկել մեր հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: Մենք հաշվի ենք առնում ՌԴ-ում ստեղծված իրավիճակը, այն, որ Մոսկվան ոմանց հետ էմբարգո ունի: Մենք հուսով ենք, որ ՌԴ-Իրան հարաբերությունները կզարգանան»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ «պատմական անցյալը« կարևոր նշանակություն ունի Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների զարգացման համար: «Առավել ևս, որ քաղաքական տեսակետից նախագահներն ավելի վաղ համաձայնեցրել են դա»,-ասել է նա:
«Հիմա մեր հերթն է` որպեսզի բիզնեսը կարողանա ճիշտ քայլեր անել առևտրային կապերի զարգացման համար»,-ասել է Մեհրնուշը: Ըստ նրա, Իրանը «հուսով է, որ ԵՏՄ հետ հարաբերությունները կզարգանան: «Սակագների և չափանիշների քննարկումից բացի, մենք հուսով ենք օգտագործել այն ներուժը, որն առկա է ԵՏՄ երկրներում: Եկեք միավորենք մեր ջանքերը մասնավոր հատվածում խնդիրները վերացնելու համար»,-ասել է Մեհրնուշը:
Ավելի վաղ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին հայտարարեց, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է բավական հետաքրքիր հնարավորություններ բացել Հայաստանի համար: Բեյլին նշել է, որ Հայաստանը կարող է նաև միջնորդ դառնալ Իրանի և Եվրասիական միության միջև: «Հայաստանը Եվրասիական միության միակ անդամն է, որ ընդհանուր սահման ունի Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ։ Գուցե Հայաստանը դարպաս լինի այլ երկրների համար, որոնք կցանկանան աշխատել Իրանի հետ և այդ նպատակով ներդրումներ կանեն այստեղ: Միգուցե հակառակը՝ Իրանը ցանկանա առևտուր անել Եվրասիական միության հետ, և Հայաստանը լինի այն դուռը, որ կբացի ճանապարհը Իրանի համար: Այնպես որ պետք է սպասենք և տեսնենք, թե բոլոր այս հնարավորությունները ինչ զարգացում են ունենալու 2016-ին», - ասել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը:
Հունվարի 16-ին չեղարկվել են 2005-ից ի վեր Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ համապատասխան կարգադրություն է արվել նաև ԵՄ-ում: Պատժամիջոցները չեղարկվեցին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո, որով հաստատվեց, որ Իրանը լիովին կատարում է «վեցյակի» հետ համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունները: