25 հունվարի 2016 - 11:41 AMT
Իրաքն ԻՊ դեմ ինքնուրույն կպայքարի` առանց արտաքին ուժերի միջամտության

Բաղդադը դեմ է օտարերկրյա ռազմական ներկայությանը երկրում և մտադիր է ինքնուրույն պայքարել ահաբեկչության դեմ: Այսպիսի հայտարարություն է արել Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին:

«Իրաքն ինքնիշխան պետություն է և ոչ ոքի թույլ չի տա խախտել իր ինքնիշխանությունը»,-ասել է նախարարը, որը Բահրեյնում մասնակցում է արաբա-հնդկական համաժողովին:

Նա նշել է, որ »Իսլամական պետության» դեմ պայքարն Իրաքի տարածքում «իրականացվելու է զուտ իրաքյան ուժերով, ինքնուրույն, առանց արտաքին ուժերի միջամտության»:

Նա, սակայն, վերապահում է արել, որ արգելքը չի առնչվում օտարերկրացի ռազմական խորհրդականներին, հայտնում է Ինտերֆաքսը:

Հունվարի 22-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարեց, որ կոալիցիան ցամաքային ուժեր կգործուղի Սիրիա և Իրաք ահաբեկչական «Իսլամական պետւթյան» դեմ պայքարելու նպատակով: Քարթերը հայտարարել է, որ ԻՊ դեմ պայքարի ռազմավարության շրջանակում Իրաքում և Սիրիայում ցամաքային գործողություն կիրականացվի: Նա հավելել է, որ կցանկանար ամերիկացի զինվորներին տեսնել իրաքյան Մոսուլում և սիրիական Ռաքքայում, որոնք համարվում են ԻՊ հենակետերը:

Ստամբուլում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտարարել է. «Այո, մենք գիտենք, որ ավելի լավ կլինի, եթե մեզ հաջողվի քաղաքական լուծում գտնել, սակայն մենք պատրաստ ենք, եթե դա անհնար լինի, գտնել այդ գործողության ռազմական լուծումն ու ոչնչացնել ԻՊ-ն»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր չէ նոր լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել Սիրիայում և Իրաքում:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:

Photo.AP