25 հունվարի 2016 - 15:44 AMT
Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում

«Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից Իրանը խոչընդոտել է հակամարտության ընդլայնմանն ու աշխատել է նպաստել տարաձայնությունների հանգուցալուծմանը»: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳ փոխնախարար Հուսեյն Ջաբիրի Անսարին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: «Եթե դեպի հետ նայենք, ապա կտեսնենք, որ Իրանն ամենածանր ժամանակներում աշխատել է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների հանգուցալուծմանը: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանն այսօր էլ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում»,-ասել է Անսարին:

Իրանը միշտ հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինելու իր պատրաստակամության մասին` նշելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ավելի վաղ իրանագետ Արմեն Իսրայելյանը կարծիք էր հայտնել, որ եթե ԻԻՀ-ին հաջողվի Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա հասցնել նվազագույնի, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ևս կարելի է դրական ակնկալիքներ ունենալ: