Հունվարի 28-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 114 հիվանդ, այդ թվում՝ 50-ը մինչև 18 տարեկան:
Այս մասին տեղեկացրել են ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Հոսպիտալացված 48 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ:
Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել, գրում է Արցախպրես-ը:
ԼՂՀ առողջապահության նախարարությունը հետևողականորեն շարունակում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումներ: Հունվարի 27-ի դրությամբ, վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների պատճառով Արցախի հիվանդանոցում բուժում ստացողների մասին իրավիճակը հետևյալն էր: Հանրապետության ստացիոնարներում հիվանդների թիվը 109 էր, այդ թվում՝ 50-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 46 հիվանդի մոտ ախտորոշված էր թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվել է «բավարար»:
Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստացել 2 հիվանդ. ըստ բժիշկների՝ նրանց վիճակը գնահատվել է կայուն:
ԼՂՀ-ում խոզի գրիպի 3 դեպք է գրանցվել:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը՝ ասել է, թե այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ բավական լուրջ հաջողություններ կան գրանցված:
«Հղիների շրջանում ստացիոնար դիմելիությունը նվազել է շուրջ 60%-ով: 46%-ով նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող հիվանդների թիվը», - տեղեկացրել է վանյանը, գրում է Tert.am-ը:
Բայց այս ամենն, Վանյանի խոսքերով, չի նշանակում, թե գրիպը նահանջել է և պետք է թուլացնել զգոնությունը:
Հունվարի 20-ի տվյալներով՝ H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել:
Հունվարի 22-ին հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։
Հունվարի 19-ին Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։