«Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումը ավերել է Լաթաքիայի հյուսիսում գտնվող Ղընեմյէ գյուղի եկեղեցիները:
Սիրիայի բանակի հսկողության տակ անցնելուց հետո Ժակ անունով մեկն այցելել է Ղընեմյէ գյուղ, որտեղ գտնվել է իր տունը, տեսել, որ այն քարուքանդ է արված: Գյուղի հայկական և ավետարանական եկեղեցիները դիտավորյալ քանդված են, գերեզմանները՝ պղծված, գրում է «Արևելքը»-ը:
«Այս չարիքի արմատը թուրքերն են, իրենք են քանդել: Իսկ զինյալները կրկնօրինակում են թուրքերին, որոնք կրոն չունեն»,- ասել է նա:
Հունվարի 25-ին Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ: Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով:
Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը: