Ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած զինվորների բուժումը զորացրվելուց հետո կշարունակվի պետական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
«Հաճախ ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը զինվորին կարող է հասցնել հաշմանդամության: Հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնման գործընթացն այդ ժամանակ իրականացվում է պետական միջոցների հաշվին»,- ասել է Սողոյանը՝ միաժամանակ նշելով, որ լինում են դեպքեր, երբ հիվանդությունը կա, սակայն դա անձին չի հասցրել հաշմանդամության, գրում է Tert.am-ը:
Այդ պարագայում, ըստ պաշտոնյայի, զորացրվելուց հետո վերականգնման հարցը քաղաքացին պետք է լուծեր սեփական գրպանի հաշվին: Սակայն այժմ, Սողոյանի խոսքերով, պատրաստվել և շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած և զորացրված անձանց կտրամադրվի վերականգնողական անհատական ծրագիր, և դրանով նրանց բուժօգնությունը կլինի պետական պատվերի շրջանակում:
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 8-ին նիստում հավանության է արժանացրել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներին տրամադրել պետական միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը հոգալու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» հունիսի 18-ի ՀՕ-72-Ն օրենքով, ելնելով մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ կապված խնդիրների թիրախայնությունն ապահովելու անհրաժեշտությունից, օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն է ընձեռնվել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին:
Նախագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը և Լևոն Դոխոլյանը: