3 փետրվարի 2016 - 13:08 AMT
Օջալանի մասին հարցի հեղինակ թուրք դասախոսին 7 տարվա ազատազրկում է սպառնում

Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դոցենտ Ռեշատ Բարիշ Ունլուն որպես մեղադրյալ է ընդգրկվել «ահաբեկչական քարոզչության մասին» գործով: Պատճառը` քննության ժամանակ տրված հարցն է Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին, հայտնում է Hurriyet-ը:

Ըստ պարբերականի, «Թուրքիայի քաղաքական կյանքն ու ինստիտուտները» դասընթացի քննության ժամանակ Ունլուն առաջարկել է ուսանողներին համեմատել «քրդական հեղափոխության մասին» Օջալանի 1978 թ. հռչակագիրը 2012 թ. իր իսկ տեքստի հետ` հասարակական կառուցվածքի ժողովրդավարական մեթոդների մասին: Դասախոսը խնդրել է ուսանողներին գտնել տարբերությունները Թուրքիայում արգելված կուսակցության առաջնորդի հայացքներում գաղութարարության, ազգային պետության գաղափարի, հեղափոխական բռնության և ժողովրդավարության վերաբերյալ:

Քննիչներն այս հարցը գնահատել են որպես «Օջալանի գաղափարներն օրինականացնելու» և «որպես քաղաքական գործիչ նրա կերպարը կերտելու» փորձ: Ունլուի գործողությունները մեղադրական եզրակացության մեջ որակվել են որպես «ահաբեկչական քարոզչություն և արգելված կազմակերպության ղեկավարի գովք, որը դատապարտված է ցմահ բանտարկության»: Այժմ մեղադրող կողմը 7 տարվա ազատազրկում է պահանջում դասախոսի համար: Առաջին դատական նիստը տեղի է ունենալու փետրվարի 3-ին, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը:

Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում: Թուրքերի և անկախ պետության ստեղծման համար պայքարող քրդերի միջև հակամարտությունն արդեն 25 տարուց ավելի է տևում:։ ՄԱԿ-ն ու Եվրախորհուրդը ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել: