USAID-ն կհատուցի կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում ՀՀ կառավարության կրած ծախսերը

USAID-ն կհատուցի կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում ՀՀ կառավարության կրած ծախսերը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) համաձայնագիր են ստորագրել 2013 թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում` 749.110 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրում` 57280 ԱՄՆ դոլար: Միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:

Ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարության աշխատակազմին` ի կատար ածելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այն կիրականացնի ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը՝ որպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քարտուղարություն:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշել է, որ կա հստակ քաղաքական կամք՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը կյանքի կոչելու համար, և նշված համաձայնագրի ստորագրումը հաջողության հասնելու կարևոր բաղադրիչներից է: USAID ղեկավար Քարեն Հիլիարդն իր հերթին ողջունել է ՀՀ կառավարության հետևողական ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում և Հովիկ Աբրահամյանին փոխանցել ԱՄՆ դեսպանի բարձր գնահատականն այս գործընթացում վարչապետի անձնական շահագրգռվածության համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---