Հանրաքվեին ընտրախախտումների դեպքով 67 քրգործ է հարուցվել

Հանրաքվեին ընտրախախտումների դեպքով   67 քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ի դրությամբ Սահմանադրական հանրաքվեի առնչությամբ հարուցվել է 67 քրեկան գործ, 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ, 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Երկու քրեական գործով երկու անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ:

Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ հրապարակումների ու ահազանգերի վերաբերյալ տվյալները բաց են և հրապարակային: Դրանք տեղադրված են ՀՀ դատախազության կայքում, որտեղ գործում է առանձին «Հանրաքվե 2015» էջը, գրում է Tert.am-ը:

«ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են քաղաքացիների ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ բոլոր ահազանգերը՝ ընդհուպ մինչև անհատ անձանց սոցցանցի սեփական էջերում կատարված գրառումները՝ մոտ 600 հրապարակում: Վստահեցնում եմ, որ բոլոր արժանահավատ հրապարակումները մանրամասն ուսումնասիրվել են և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայության դեպքում՝ ստացել են համապատասխան իրավական ընթացք», - ասել է Մելքոնյանը:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 3-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն այլ անձի փոխարեն քվեարկելու համար հարուցված քրեական գործով դատական նիստ:Ամբաստանյալ Մհեր Ռշտունին 2015-ի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը պետք է քվեարկեր Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 10/6 ընտրատեղամասում: Դրա փոխարեն նա գնացել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Երվանդ Քոչարի 12/1 հասցեում, Նար Դոսի անվան դպրոցում տեղակայված 10/14 ընտրատեղամաս և քվեարկել է այլ անձի՝ Ժենյա Ղասաբօղլյանի փոխարեն և ստորագրել ընտրացուցակի 562 համարի դիմաց:

Մհեր Ռշտունու նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք 500.000 դրամի չափով:

Թիվ 9/2 ընտրական տեղամասի անդամ Զավեն Միրիջանյանը 2015-ի նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, հանդիպել է նույն հանձնաժողովի անդամ Վ. Հարությունյանին և նյութապես շահագրգռելով պահանջել է ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող, չլրացված երկու վկայականներ, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:

Դատարանը որոշել է բռնագանձել կաշառքը հօգուտ պետության և Միրիջանյանին ազատ արձակել:

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---