Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը

Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը»: Ինչպես ասվում է, հիվանդը գտնվում է ինֆեկցիոն ստացիոնարի բոքսում, նրա վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդացած կինը հանգստացել է Դոմինիկյան հանրապետությունում:

«Մոսկվա ժամանելուն պես հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն եղել, մի քանի օր անց գրանցվել է ինքնազգացողության վատթարացում, ջերմություն, ցան»,-նշել են գերատեսչությունում:

«Ռոսպոտրեբնադզորում» հավաստիացրել են, որ ինքնաթիռում, որով Մոսկվա է ժամանել հիվանդը, «կատարվել են հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ միջոցառումները», իսկ մյուսներին վարակելու սպառնալիք չկա:

Գերատեսչությունում նշել են, որ ՌԴ կլիմայական պայմաններում վիրուսը չի կարող տարածվել, հայտնում է Slon.ru-ն: Զիկա տենդը Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է: Այն տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Վերջերս ԱՄՆ-ում արձանագրվել է սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման 1 դեպք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԲՆ մամուլի ծառայությունը:

Հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---