2015-ին հանրապետությունում արձանագրվել է 15.003 արտակարգ դեպք և պատահար: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողներին ասել է ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«Այդ դեպքերի հետևանքով զոհվել է 442 մարդ և տուժել 9.226-ը»,-տեղեկացրել է Խանգելդյանը՝ հավելելով, որ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտակարգ դեպքերն աճել են 2.927-ով (24.2%-ով):
Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը նշել է, որ դեպքերի մեծ թվով աչքի են ընկել տեխնածին արտակարգ պատահարները: Գրանցվել են նաև սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքեր, գրում է Tert.am-ը:
«Զոհերի գերակշիռ մասը գրանցել ենք տեխնածին արտակարգ պատահարների հետևանքով` 386 զոհ ունեցանք, որից միայն 346-ը` ճանապարհատրանսպորտային պատահարներից»,-ընդգծել է Խանգելդյանը:
Վերջինիս խոսքով՝ գրանցվել են նաև հրդեհների, թունավորումների հետ կապված դեպքեր:
Հրդեհների առաջացման գործում, ըստ նրա, անշուշտ, մարդկային գործոնը մեծ դեր ունի, ինչի մասին է վկայում բնակելի շենքերում հրդեհների թվաքանակը:
2015-ի մայիսին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը և Հայաստանը յուրօրինակ հակառեկորդ են սահմանել Եվրոպայում ճանապարհներին մահացու ելքով պատահարների թվով: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ճգնաժամերի լուսաբանման Պուլիտցերի կենտրոնի տվյալները: Ռուսաստանում 100 հազար բնակչի հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 18,1 մահ: Զոհվածների 53 տոկոսը վարորդներ են, 33 տոկոսը` հետիոտներ, հաջորդում են մոտոցիկլավարների մահվան դեպքերը: Մահացու ելքով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն ալկոհոլի օգտագործումն է ղեկի մոտ, արագության գերազանցումը, անվտանգության գոտու անտեսումը, և մոտոցիկլի կամ հեծանիվի սաղավարտից չօգտվելը: Երկրի ճանապարհներին զոհվում է մոտ 26 հազար մարդ:
Հայաստանում 100 հազար մարդու հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 18,1 մահ: Զոհվածների 54 տոկոսը ավտոմոբիլիստներն են, 44 տոկոսը` հետիոտները: Մահացու ելքով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն անվտանգության գոտու անտեսումն է, ալկոհոլի կիրառումը և երրորդը` արագության գերազանցումը: Հետազոտության հեղինակների գնահատականներով, Հայաստանի ճանապարհներին զոհվում է մոտ 550 մարդ: Պաշտոնական տվյալներն այլ են` ըստ ՀՀ վիճակագրական ծառայության, 2014-ին տեղի է ունեցել ավելի քան 3100 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 297 մարդ, մոտ 4,5 հազարը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել:
Վրաստանում 100 հազար մարդու հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 15,1 մահ, Ադրբեջանում` 13.1 մահ:
Աշխարհում ամենավատ վիճակը Դոմինիկյան հանրապետությունում է, Վենեսուելայում, Թաիլանդում, Իրանում, Իրաքում և Նիգերիայում, որտեղ 100 հազար մարդու հաշվով ավելի քան 30 մարդ է զոհվում: Իսկ ամենաբարվոք վիճակը Իսլանդիայում և Շվեդիայում է (2,8 և 3 մահ 100 հազար բնակչության հաշվով): Ամեն տարի ճանապարհներն զոհվում է ավելի քան 1,2 մլն մարդ: