Ազնավուրը CNN-ի եթերում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Ազնավուրը CNN-ի եթերում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել ամերիկյան CNN հեռուստաալիքին և անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման խնդրին։

CNN-ի լրագրողը հիշեցրել է Ազնավուրին, որ նա 2015-ին Հայաստանում է եղել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակելու համար, և ասել է, որ իր համար կարևոր չէ, թե մարդիկ պատրաստ են օգտագործել «ցեղասպանություն» բառը, թե ոչ, կարևորը ճանաչելն է այն, ինչ տեղի է ունեցել։

«Դուք միանգամայն իրավացի եք: Ոչ ոք երբեք չի հարցրել թուրքերին՝ ինչո՞ւ դուք սպանեցիք հայերին, ո՞րն էր պատճառը, կրո՞նը՝ ես չեմ հավատում, ես կարդացել եմ Ղուրանը, որ հասկանամ, թե արդյո՞ք այդտեղ մի բան կա, բայց այնտեղ ոչինչ չկա, հետևաբար՝ դա կրոնական հարց չէր»,- ասել է Ազնավուրը։

Լրագրողի հարցին, թե ինչ է նշանակում հայ լինել, շանսոնյեն պատասխանել է, որ ֆրանսիացի լինելը շատ ավելի կարևոր է իր համար, քան հայ լինելը, բայց ինքը հայ է և չի պատրաստվում դա ժխտել, գրում է Tert.am-ը։

«Ես չեմ սիրում, երբ մարդիկ թաքցնում են ինչ-որ բան, որովհետև նրանք վախենում են, որ իրենց ինչ-որ տեղ լավ չեն ընդունի»,- ասել է Ազնավուրը:

Լրագրողը հարցրել է շանսոնյեին նաև, թե ինչ ծրագրեր ունի, ինչին Ազնավուրը պատասխանել է, որ երգ է պատրաստվում գրել ներգաղթյալների մասին: «Ինչո՞ւ մերժել մարդկանց գալ և ֆրանսիացի լինել: Երբ մենք խոսում ենք ֆրանսիացի նկարիչների մասին, նրանցից շատերը ֆրանսիացի չեն, ես ֆրանսիացի չեմ և շատ շատերը: Դա է Ֆրանսիան: Նրանք իրենց հետ մի բան են բերում, նրանք շատ բաներ ունեն մեզ սովորեցնելու»,- ասել է նա:

CNN-ի լրագրողը փորձել է հետաքրքրվել նաև շանսոնյեի հաջողությունից, ինչին ի պատասխան Ազնավուրն ասել է, որ ի դժբախտություն իրեն քննադատողների՝ նա հաջողություն ունեցավ:

Ազնավուրը խոստովանել է, որ ամեն գիշեր քնելուց առաջ մի ժամ գիրք է կարդում և տարբեր լեզուներով նոր բաներ սովորում, իսկ այժմ փորձում է ռուսերեն սովորել:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---